Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորութիւններ Աշխատանքային շտեմարան Յղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ
Նորութիւններ
Այսօր Երեւանի պետական համալսարանի Հայագիտական հետազօտութիւնների ինստիտուտում տեղի ունեցաւ «Հայազգ» համացանցային հանրագիտարանի անգլերէն (en.hayazg.info) եւ հայերէն (am.hayazg.info) լեզուներով տարբերակի՝ նորացուած խմբագրակազմի հետ երկրորդ հանդիպում-քննարկումը: Հանդիպմանը ներկայ էր ծրագրի ղեկավար, ՀՀԻ փոխտնօրէն, պ.գ.թ. Մհեր Յովհաննիսեանը եւ ծրագրի պատասխանատու-խմբագիր Նինա Սեդրակեանը: Նշենք, որ կամաւորութեան սկզբունքով խմբագրակազմի մէջ են ներառուել ԵՊՀ Ռոմանագերմանական բանասիրութեան ֆակուլտետի Միջմշակութային հաղորդակցութեան անգլերէնի ամբիոնի եւ Պատմութեան ֆակուլտետի Կովկասագիտութեան բաժնի մէկ տասնեակից աւելի ուսանողներ:
Տեխնիկական-մասնագիտական քննարկումից զատ, հեռավար կարգով կապ հաստատուեց պատմաբան, «Հայազգ» համացանցային հանրագիտարանի հիմնադիր ղեկավար, «Դոնի Նախիջևանի հայկական համայնք» կազմակերպութեան գործադիր տնօրէն Սերգէյ Սայադովի հետ: Քննարկուեցին «Հայազգ» համացանցային հանրագիտարանի զարգացման տեսլականի, առկայ խնդիրների շուրջ կարեւոր հարցեր:
Նշենք, որ այս տարի լրանում է հանրագիտարանի ստեղծման 10 ամեակը, որի առաջին հարթակը ռուսալեզու էր (ru.hayazg.info): Վարջին երեք տարիների ընթացքում ՀՀԻ շրջանակներում ստեղծուել եւ պարբերաբար համալրւում է հայերէն տարբերակը, որում արդէն յօդուածների թիւը գերազանցում է 3500-ը: «Հայազգ» համացանցային հանրագիտարանում նիւթերի խմբագրումը փակ է եւ հասանելի է միայն խմբագրական կազմին:
2017 թուականի Մարտի սկզբից գործարկուել է հանրագիտարանի անգլերէն լեզուով տարբերակը, իսկ 2016 թուականի տարեվերջից Հայաստանում Ֆրանսիական համալսարանի եւ Ռուսաստանում «Հայազգ»-ի կենտրոնական գրասենեակի համագործակցութեամբ ստեղծուել է հանրագիտարանի ֆրանսերէն (fr.hayazg.info) տարբերակը:
Յատկանշական է, որ այս հանրագիտարանի զարգացումը նպատակ ունի ոչ միայն համացանցում ներկայանալի դարձնել հայ ժողովրդի եւ Հայաստանի շուրջ առկայ գիտական, ճանաչողական տեղեկատւութիւնը, այլ նաեւ այն գիտապրակտիկ ճկուն հարթակ է մասնագիտական հմտութիւնները զարգացնել ցանկացող ուսանողների համար:
Վերադառնալ
Շատ դիտել են