Հայաստանի Հանրապետութեան Սփիւռքի նախարարութեան եւ Երեւանի պետական համալսարանի համատեղ նախաձեռնութեամբ սոյն թուականի Յուլիսի 3-ից ԵՊՀ մեծ դահլիճում մեկնարկեց ամենամեայ վեցերորդ «Սփիւռք» ամառային դպրոցը: Այս տարի դպրոցի շրջանակներում կը գործեն հինգ թեմատիկ ուղղութիւններ՝ «Լրագրողների վերապատրաստում», «Հայոց լեզուի արագացուած ուսուցում», «Հայոց լեզուի եւ պատմութեան, կրթական գործի վերապատրաստում», «Երիտաասարդ առաջնորդների եւ համայնքային գործի կազմակերպիչներ», «Ազգային երգի ու պարի վարպետութիւն»: Նշենք, որ այս տարի դպրոցին մասնակցում են մօտ 35 երկրներից շուրջ 316 մասնակիցներ: Մասնակիցները բացի տեսական եւ գործնական դասերից կ'ունենան նաեւ մի շարք մշակութային միջոցառումներ, այցելութիւններ ՀՀ տարբեր տեսարժան վայրեր, թանգարաններ: Նախատեսուած է հանդիպումների շարք ՀՀ պետական, հասարակական, մշակութային գործիչների, հոգեւոր այրերի հետ: Յուլիսի 3-ին կայացած բացման հանդիսաւոր արարողութեանը ներկայ էին ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանը, սփիւռքի փոխնախարար Սերժ Սրապիոնեանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնեանը, դասընթացի կազմակերպիչներ, դասախօսներ եւ այլք: Միջոցառմանը բացման խօսքով հանդէս եկաւ ՀՀ սփիւռքի նախարար Հ. Յակոբեանը: Ողջունելով ներկաներին, ծրագրի մասնակիցներին, կազմակերպիչներին, դասախօսական կազմին՝ նախարարը նախ շնորհաւորեց «Սփիւռք» ամառային դպրոցի 6-րդ յոբելինական տարին՝ նշելով. «Սիրելի՛ մասնակիցներ, սիրով նորից ողջունում եմ ձեզ Հայաստանում ու Մայր բուհի հարկի ներքոյ: Այսօր մենք պատիւ ունենք հիւրընկալելու մեր հայրենակիցներին: Շնորհակալ եմ Սփիւռքի տարբեր համայնքներից եկած մեր մասնակիցներին, ովքեր, կարեւորելով կրթութիւնը, նոր գիտելիք ստանալու համար եկել են Հայաստան, եկել են նոր գիտելիքով վերազինուելու, մատաղ սերնդին փոխանցելու համար: Դուք մեր դպրոցի պատմութեան կենսագրութեան մի մասն էք կազմում: Դուք ձեր ներկայութեամբ հարստացնում եւ հիւսում էք նրա այս տարիների ընթացքը և կենսագրութիւնը: Դուք էք լինելու այսօրուայ այն սերունդը, որը Հայաստանում ստացած գիտելիքները տանելու է Սփիւռքի իրենց համայնքներ եւ մեր աշխարհասփիւռ հայութեան կրթութեան եւ դաստիարակութեան համար էք օգտագործելու: Գլոբալիզացիայի այս բարդ դարաշրջանում, երբ համահարթեցման քաղաքականութիւն է գնում, կուլ են գնում շատ ազգեր, լեզուներ, մշակոյթներ հայ ժողովուրդը, 119 երկրներում ապրելով, արարելով, փորձում է դիմակայել, պաշտպանել մեր լեզուն, մեր հայրենիքը: Այո՛, դուք այսօր ստանձնել էք մի սրբազան պարտք. այն է հայ լինել, հայ մնալ եւ աշխատել հայրենիքի համար: Սիրելինե՛րս, շնորհաւորում եմ բոլորիս: Ուզում եմ, որ բոլորս աշխատենք եւ սովորենք մեծ նուիրումով»,- նշեց Հ. Յակոբեանը: ԵՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Արամ Սիմոնեանը իր խօսքում շնորհակալութիւն յայտնեց ՀՀ սփիւռքի նախարարութեանը՝ «Սփիւռք» ամառային դպրոցը ԵՊՀ-ի հետ համատեղ իրականացնելու համար՝ իր երախտիքի խօսքը յղելով համայն Սփիւռքին: «Սիրելի՛ մասնակիցներ, մենք ուրախ ենք եւ հպարտ ընդունելու ձեզ մայր բուհի պատերից ներս: Իսկապէս, 5 տարին անցաւ ակնթարթօրէն, երբ Սփիւռքի նախարարի հետ սկսեցինք ստեղծել այս ծրագիրը: Շատերի համար այս գաղափարը թերահաւատութիւն ներշնչեց, բայց այսօր վստահաբար կարող ենք ասել, որ ճիշտ աշխատանքի եւ անձնուիրաբար ջանքերի շնորհիւ ամէն տարի աւելանում է ծրագրին մասնակցելու ցանկութիւն յայտնող մեր հայրենակիցների թիւը: Դուք տեսնում էք՝ տարեցտարի թէ՛ կազմակերպչական, թէ՛ մասնակիցների քանակի առումով դպրոցը ինչպիսի ակտիւութիւն եւ առաջադիմութիւն է գրանցում: Մենք անընդհատ խօսում ենք, որ մենք ցանցային ազգ ենք, եւ ահա Սփիւռք ամառային դպրոցը ցանցային ազգ լինելու լաւագոյն ցուցիչն է: Յույս ունեմ՝ այս մէկ ամսուայ ընթացքում դուք կը հասցնէք ձեռք բերել մեծ փորձ եւ գիտելիք»: Սիմոնեանը նաև անդրադարձաւ Սփիւռքում հայ ինքնութեան պահպանութեան խնդիրներին՝ փաստելով, որ ամառային դպրոցը հետապնդում է հայ ինքնութիւնը պահպանելու եւ ուժեղացնելու նպատակ: Միջոցառման պաշտօնական արարողութեանը յաջորդեց համերգ, որը կազմակերպել էր ԵՊՀ մշակոյթի կենտրոնը: Ելոյթ ունեցան մշակոյթի կենտրոնի երգչախումբը, կենտրոնի սաները, և այլք: |