Յուլիսի 14-ին Երեւանի պետական համալսարանի մշակոյթի կենտրոնի դահլիճում տեղի ունեցաւ վեցերորդ «Սփիւռք» ամառային դպրոցի 3 դասընթացների փակման հանդիսաւոր արարողութիւնը: Հինգ թեմատիկ ուղղութիւններով անցկացուող երկշաբաթեայ դպրոցի «Երիտասարդ լրագրողների վերապատրաստում», «Ազգային երգի խմբավարների եւ պարուսոյցների վարպետութիւն», «Երիտասարդ առաջնորդների եւ համայնքային գործի կազմակերպիչներ» դասընթացների փակման արարողութեանը ներկայ էին ՀՀ սփիւռքի փոխնախարար Սերժ Սրապիոնեանը, «Սփիւռք» ամառային դպրոցի պատասխանատու, ԵՊՀ հայագիտական հետազօտութիւնների ինստիտուտի փոխտնօրէն, պ.գ.թ. Մհեր Յովհաննիսեանը, դասընթացների պատասխանատուները, դասախօսներ եւ դպրոցի մասնակիցներ։ Ողջոյնի խօսքով հանդէս եկաւ ՀՀ սփիւռքի փոխնախարար Ս. Սրապիոնեանը, ով խօսեց այս օրերին 3 դասընթացների յաջող ընթացքի մասին: «Մեզ համար ամառային դպրոցի կարեւորագոյն եւ առաջնային առաքելութիւնը հային հայ պահելն ու հային աշխարհում աւելի մրցունակ դարձնելն է։ Դպրոցում անցկացուող դասընթացներն ընտրուած են հենց այդ սկզբունքից ելնելով։ Սիրելի՛ մասնակիցներ, դուք էք այն սերունդը, որ վերադառնալով ձեր երկրներ պէտք է քարոզէ՛ք լինել հայ ու սիրել հայկականը: Դո´ւք ձեր աշխատանքով եւ ապրելակերպով պէտք է լինէք լաւագոյնը ու երբեք չմոռանաք հայրենիքը: ԵՊՀ հայագիտական հետազօտութիւնների ինստիտուտի փոխտնօրէն Մ. Յովհաննիսեանն էլ դիմելով մասնակիցներին, հորդորեց երբեք չմոռանալ Մայր բուհը, Սփիւռքի նախարարությունն ու այստեղ ձեռք բերած գիտելիքները․ «Յիշէ՛ք, որ ունէք հայրենիք, որտեղ մտահոգւում են ձեզ համար։ Այն դրօշը, որն այստեղ մենք փոխանցում ենք ձեզ, բա՛րձր պահէք ձեր երկրում»։ Մասնակիցներին իրենց երախտիքի և ողջոյնի խօսքը յղեցին երեք դասընթացների պատասխանատուները: «Երիտասարդ լրագրողների վերապատրաստում» դասընթացի պատասխանատու, ԵՊՀ Լրագրութեան ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսեանը համոզմունք յայտնեց, որ հայրենիքն արդէն դպրոցի մասնակիցների սրտում է. «Յիշէ՛ք, որ այդ հայրենիքի կորուստը սեփական ես-ի կորուստ պէտք է լինի: Միշտ յիշէ՛ք հայրենիքը, եղէ՛ք հայրենիքի հետ ու հայրենիքում»: «Ազգային երգի ու պարի վարպետութիւն» դասընթացի ղեկավար, ԵՊՀ մշակոյթի կենտրոնի տնօրէն Կարինէ Դաւթեանն էլ իր երախտագիտութեան խօսքը յղեց յատկապէս այն դասախօսներին եւ ուսուցիչներին, ովքեր դասաւանդել են «Սփիւռք» ամառային դպրոցի այս երեք դասընթացներում: Ամառային դպրոցի փակման հանդիսաւոր արարողութիւնը ուղեկցուեց համերգային ծրագրով, որի ընթացքում ելոյթ ունեցան ազգային երգի ու պարի վարպետութեան դասընթացի մասնակիցները: Միջոցառման աւարտին դասընթացների մասնակիցները ստացան մասնակցութեան հաւաստագրեր, որոնք յանձնեցին ծրագրի պատասխանատու Մհեր Յովհաննիսեանը եւ Սփիւռքի փոխնախարար Սերժ Սրապիոնեանը: |