Ս.թ. նոյեմբերի 9-ին Երեւանի պետական համալսարանի գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցաւ «Հայաստանի պատմագէտների միութիւն» ՀԿ անդամների առաջին ընդհանուր համագումարը, որին բացման խօսքով հանդէս եկաւ ԵՊՀ ռեկտոր, պ.գ.դ., պրոֆեսոր, ՀՊՄ նախագահ Արամ Սիմոնեանը: Սիմոնեանն անդրանիկ համագումարը յայտարարեց բացուած, ողջունեց Հայաստանի պատմագէտների միութեան բոլոր 119 անդամներին, ներկայացրեց համագումարի օրակարգը՝ առաջարկելով մասնակիցներին լինել աւելի գործնական: «Յարգելի՛ գործընկերներ, մեր ուսերին դրւում է ահռելի նշանակութեան մեծ գործ: Ժամանակակից աշխարհում պատմագէտների խօսքը պէտք է զերծ լինի սպեկուլացիայից եւ դառնայ ազդեցիկ: Սա լաւ հնարաւորութիւն է համախմբել ոլորտի բոլոր մասնագէտներին եւ, բացի տեսական խնդիրներ քննարկելուց, դիտարկել ամենատարբեր տեսակի հարցեր՝ իրենց յետագայ պրակտիկ գործունէութեան հետ կապուած: Այսօր՝ աւելի քան երբեւէ, 'պատմագէտի, քաղաքագէտի, հասարակագէտի խօսքը պէտք է մեր հասարակութեանը: Մենք այս հասարակութեան առողջացման մասը պէտք է կազմենք»,- նշեց Ա. Սիմոնեան՝ առաջարկելով ծանօթանալ համագումարի օրագարգին: |