2012 թվականին ռուսական «Дружба народов» ամսագրում հրատարկվեց ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» վեպը: Վեպում գործողությունները զարգանում են Բաքվում 1988թ.-ի վերջին և 1989թ.-ի սկզբին: Մասնավորապես նկարագրվում են Բաքվի և Սումգայիթի հայկական ջարդերը, ինչպես նաև հեղինակի հայրենի գյուղի՝ Այլիսի (հայ.՝ Ագուլիս) պատմությունը: www.eurasianet.org պարբերականին տրված հարցազրույցում Այլիսլին նշել է, որ իր համար վեպը գրելու ազդակ է հանդիսացել 2012թ.-ին Հունգարիայում հայ սպայի սպանության համար դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանի իշխանությունների կողմից ներում շնորհելու փաստը: «Երբ ես տեսա, թե ինչպես է արհեստականորեն ատելություն սերմանվում հայերի և ադրբեջանցիների միջև, որոշեցի տպագրել իմ վեպը»,- նշել է Աքրամ Այլիսլին: «Քարե երազներ» վեպի հրատարակությունը բուռն արձագանք գտավ Ադրբեջանում և Հայաստանում: Ադրբեջանական ԶԼՄ-ների, այնուհետև նաև կառավարության կողմից միաձայն կերպով քննադատվեց վեպը, իսկ գրողը մեղադրվեց հայամետ լինելու մեջ: Բաքվի փողոցներում մասսայական կերպով այրվեցին գրողի նկարներն ու գրքերը: Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի կողմից փետրրվարի 7-ին հրաման արձակվեց Աքրամ Այլիսլիին զրկել «Ադրբեջանի ազգային գրող» կոչումից և պետության կողմից տրվող թոշակից: Այս որոշումը հավանության արժանացավ նաև Ադրբեջանի Միլի մեջլիսի (Խորհրդարան) Մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեի ղեկավար Ռաբիյատ Ասլանովայի կողմից:: Գրողի հայրենի գյուղում՝ Այլիսում, ևս անցկացվեցին մասսայական հավաքներ, որտեղ հավաքվածները այրում էին հեղինակի գրքերը և վանկարկում. «Մա՛հ Աքրամ Այլիսլիին», «Դավաճա՛ն», «Այլիսլին հա՛յ է»: «Ժամանակակից Մուսավաթ» ադրբեջանական իշխանամետ կուսակցությունն էլ որշում է կայացրել 10 հազար մանաթ (10 հազար եվրո) վճարել այն մարդուն, ով կկտրի գրող Աքրամ Այլիսլիի ականջը: Այս փաստը համաշխարհային մամուլի էջերում ավելի սուր քննադատության առարկա դարձավ: Մասնավորապես այնպիսի լրատվամիջոցներ, ինչպիսիք են ''The Washington post''-ը, ''The Independent''-ը, անդրադառնալով խնդրին, ևս մեկ անգամ ընդգծեցին Ադրբեջանում ժողովրդավարության թերարժեքության փաստը: «Թուրան» գործակալության միջոցով Աքրամ Այլիսլին դիմել է Ադրբեջանի իրավապահ մարմիններին՝ կոչ անելով ապահովել իր անվտանգությունը և նշե;ով, որ հակառակ դեպքում ինքը ստիպված կիլնի ընտանիքի հետ լքել երկիրը: Հայկական ԶԼՄ-ները ևս անդրադարձան «Քարե երազներ» գրքին և դրա հրատարակության հետ կապված Ադրբեջանում տիրող քննադատական ալիքին: Ըստ հայկական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության, գիրքը, որտեղ ներկայացված են 1988-89թթ.-ի Խորհրդային Ադրբեջանի իշխանությունների կողմից հայերի հանդեպ կազմակերպած ջարդերը, ներկայումս թարգմանվում է հայերեն: Փետրվարի 22-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ֆրանսիահայ ազատամարտիկ, թուրքագետ Սարգիս Հացպանյանը տեղեկացրեց, որ Այլիսլիի «Քարե երազներ» գիրքը լույս կտեսնի մեկ գրքույկում հայ գրող Լևոն Ջավախյանի «Քիրվա» պատմվածքի հետ միասին: Երկու ստեղծագործությունները մեկ գրքույկում հրապարակելու գաղափարը թուրք գրող Ռագըփ Զարաքոլուինն է, որի խոսքով, սա կլինի խաղաղասիրական քայլ երկու ժողովուրդների միջև: Աքրամ Այլիսլին ծնվել է 1937թ.-ին Ագուլիս գյուղում: Ավարտել է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտը: Ադրբեջանում երկար տարիներ եղել է տարբեր պարբերականների խմբագիր, 2005թ-ին ընտրվել է Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր, միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական կապերի հանձնաժողովի մշտական անդամ: Մի շարք վեպերի, պատմվածքների և թարգմանությունների հեղինակ է: Ադրբեջանում գրականության մեջ մեծ ձեռքբերումների համար նա արժանացել է պետական մի շարք մրցանակների: Մասնավորապես «Փառքի» (Շոխրատ) և «Անկախության» (Իստիգլալ) շքանշանի:
|