Դոնի Ռոստովում բացվելու է Հայագիտական կենտրոն ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի, Դոնի Ռոստովի «Նոր նախիջևանի հայկական համայնք»-իև Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի մասնաճյուղ հանդիսացող Հարավային գիտական կենտրոնի միջև կնքված պայմանագրի հիման վրա: Կենտրոնը, որի ղեկավարի պարտականությունները իրականացնում է «Նոր Նախիջևանի հայկական համայնքի» գործադիր տնօրեն Սերգեյ Սայադովը, գտնվում է հայկական համայնքի գրասենյակին կից լսարանում: «Մեր նպատակն էր բացել կենտրոն, որը շաղկապված կլինի ԵՊՀ ՀՀԻ-ի, տեղի հայ համայնքի և գործընկեր գիտակրթական հաստատության հետ: Հայագիտական կենտրոնն իրականացնելու է երկու հիմնական գործառույթներ` գիտական և կրթական: Կրթական ոլորտում կիրականացնենք մասնագետների վերապատրաստում, կփորձենք ներգրավել տեղի երիտասարդներին կենտրոնի գործունեության մեջ` Հայաստանում կրթություն ստանալու հեռանկարով և այլն:
Մհեր Հովհաննիսյանը հավելեց, որ կենտրոնի գործունեության ընթացքը ավելի հստակեցնելու համար հուլիսի սկզբին Նոր Նախիջևանի հայկական համայնքի տնօրեն Սերգեյ Սայադովը այցելելու է Հայաստան: Այցի շրջանակում ԵՊՀ-ում կկայանա նաև www.hayazg.info կայքի շնորհանդեսը, որը հանդիսանում է ռուսալեզու հայագիտական համացանցային ամենամեծ հանրագիտարանը: ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ռազմավարության մեջ կարևոր տեղ է հատկացվում նաև արտաքին լսարանի հետ համագործակցությանը: Փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանի խոսքով, իրենք նպատակն ունեն ոչ միայն աջակցել արտասահմանի հայագիտական կենտրոններին, այլև նպաստել հայաշատ համայնքներում հայագիտական կենտրոնների բացմանը: |