Հոկտեմբերի 17-ին կայացավ «Հայագիտությունը և արդի ժամանակաշրջանի մարտահրավերները» խորագրով հայագիտական միջազգային երկրորդ համաժողովի լիագումար նիստը: ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը ողջունեց ներկաներին` հիշեցնելով, որ առաջին համաժողովն անցկացվել է 2003թ.-ին, և այդ 10 տարիների ընթացքում, նրա խոսքով, հայագիտության ոլորտում զգալի առաջընթաց է գրանցվել:(Տե՛ս Լիագումար նիստի զեկուցումները) ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար Յուրի Սուվարյանը ներկայացրեց վերջին ժամանակաշրջանում հայագիտության ոլորտում տեղի ունեցած փոփոխությունները: «Նախորդ համաժողովի ժամանակ քննարկման դրվեց երեք հարց. ստեղծել հայագիտական հիմնադրամ, միջազգային խորհուրդ և հայագիտական բազմալեզու հանդես: Այդ քայլերը ձեռնարկվել են»,- նշեց Սուվարյանը: (Տե´ս «Հայկական ինքնության խնդիրները 21-րդ դարում» գիտաժողովի նյութերը) Նա խոսեց նաև հայագիտության ոլորտի ֆինանսավորման, կադրերի պատրաստման, տեխնիկական ապահովման, գիտական հանդեսների, միջազգային գիտական կապերի մասին: Զեկուցողներ Գևորգ Բարդակչյանը ԱՄՆ-ից, Վալենտինա Կալցոլարին Շվեյցարիայից, Սերգեյ Սայադովը Ռուսաստանից ներկայացրեցին վերոնշյալ երկրներում հայագիտության արդի վիճակը, խնդիրները և իրականացվելիք անհրաժեշտ քայլերը:Հայագիտության շրջանակում Սփյուռքի նախարարության գործունեությանն անդրադարձավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա նախարարության կողմից Հակոբ Մեղապարտ մեդալով պարգևատրեց ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին: ԵՊՀ ռեկտոր, ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Արամ Սիմոնյանը խոսեց հայագիտության հիմնախնդիրների լուծման ուղիների մասին: «Միջազգային գիտական շրջանակներին ինտեգրվելուց զատ մեզ համար կարևոր խնդիր է մնում ազգապահպանությունը: Հայագիտության ոլորտում մենք ունենք հսկայակական ժառանգություն: Ներկա վիճակի պարզաբանումն ու հետագա զարգացմանն ուղղված քայլերի ձեռնարկումը օրակարգային հարց է: Նախևառաջ պետք է ինստիտուցիոնալ փոփոխություններ անել»,- ասաց Ա. Սիմոնյանը` հիշեցնելով, որ Համակարգող խորհդի աշխատանքները դեռ անավարտ են: Ա. Սիմոնյանը նաև մտահոգություն հայտնեց այն հարցի շուրջ, որ արտասահմանում` մասնավորապես ՌԴ-ում, գործող շատ հայագիտական կենտրոններ իմիտացիոն, ոչ արդյունավետ գործունեություն են ծավալում, ուստի անհրաժեշտ է նպաստել արտասահմանում հայագիտական գործունյա կենտրոնների ստեղծմանն ու ձևավորմանը: Հայեցակարգային մակարդակով հայագիտության ոլորտում չլուծված մի շարք խնդիրների իր զեկույցում անդրադարձավ նաև ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:
Լիագումար նիստից հետո ՀՀ ԳԱԱ-ում համաժողովը շարունակվեց հայագիտական տարբեր թեմաներով զեկուցումների շարքով: Հայագիտական միջազգային 2-րդ համաժողովը կշարունակվի ևս 2 oր` հոկտեմբերի 18-19-ը:
|