Հայագիտության ոլորտի խնդիրներն ու ձեռքբերումները, կոռուպցիոն ռիսկերը, որոշ ֆակուլտետներում երիտասարդ կադրերի անհրաժեշտության հարցը, կրեդիտային համակարգի բարելավումն ու ռեկտորի ընտրությունները` սրանք այն հիմնական թեմաներն էին, որոնց շուրջ խոսեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հունվարի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նշելով, որ ներկա պայմաններում մեզ համար չափազանց կարևոր է հայագիտության դերը` պրն. Սիմոնյանը առանձնացրեց հատկապես կովկասագիտության ինստիտուտի բացակայության խնդիրը այս ոլորտում: <<2012թ.ից ԵՊՀ պատմության ֆակուլտետում կպատրաստվեն կովկասագետներ, ովքեր կտիրապետեն վրացերենին, ադրբեջաներենին, թուքերենին, պարսկերենին, գրաբարին, ղփչաղերենին, հին ու նոր հունարենին>>,- ասաց Արամ Սիմոնյանը: Նա տեղեկացրեց, որ ներկայումս երեք հոգի Սանկտ Պետերբուրգի համալսարանում հատուկ ծրագրով մասնագիտանում են օսմանագիտության գծով: Սա կարևոր է այնքանով, որ թուրքական արխիվներում եղած փաստաթղթերը հիմնականում օսմաներեն են: Կա նաև հայատառ ղփչաղերեն (ղփչաղները ղազախների նախնիներն են) գրականություն, որն անհրաժեշտ է թարգմանել: Խոսվեց կոռուպցիայի խնդրի մասին: <<Կոռուպցիոն ռիսկերը մայր բուհում նվազեցնելու համար ստեղծվել է հակակոռուպցիոն մշտական հանձնաժողով, որի անդամներն են ոչ միայն աշխատակիցները, այլև ուսանողական կազմակերպությունների ներկայացուցիչները: Բացի այդ, շուրջ տասը տարի է, ինչ բուհում անցկացվում են անանուն հարցումներ, որոնք բավական արդյունավետ են>>,- ասաց ռեկտորը: Նրա կարծիքով, ընդհանրապես, որքան ավելի բաց լինի բուհի աշխատանքը, այնքան կնվազեն կոռուպցիայի հնարավորությունները: Հենց այդ պատճառով համալսարանում քննությունների ընթացքը թափանցիկ է. ցանկացած համալսարանական կարող է ներկա լինել: Արամ Սիմոնյանը, խոսելով բուհի խնդիրների մասին, առանձնացրեց որոշ ֆակուլտետներում, ինչպիսիք են աշխարհագրության, երկրաբանության, բանասիրության և մի քանի այլ ֆակուլտետներ, երիտասարդ կադրերի բացակայությունը: Մայիսի 29-ից հետո կայանալիք ռեկտորի ընտրություններին անդրադառնալով` Արամ Սիմոնյանը նշեց, որ այդ մասին ավելի ուշ կմտածի, իսկ ներկայումս զբաղված է իր աշխատանքով: 2010թ.-ին ՀՀ կառավարության կողմից ստեղծված հայագիտական հարցերով խորհրդի կողմից հայագիտության զարգացման հայեցակարգի և ռազմավարության մշակման աշխատանքներին մասնակցում է նաև ԵՊՀ-ն: Մայր բուհի կողմից ներկայացված առաջնահերթությունների վրա են հիմնված նաև ՀՀ կառավարության կողմից հաստատված ԿԳ նախարարության հակակոռուպցիոն ծրագրի որոշ դրույթներ: |