2014 թվականի սկզբին ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ջանքերով սկսվեց hayazg.info ռուսալեզու հայկական առցանց հանրագիտարանի հայկական տարբերակի ստեղծումը: Hayazg.info-ն հայկական հանրագիտարան է՝ ստեղծված 2007 թվականին Դոնի Ռոստովի «Նոր Նախիջևան» հայկական համայնքի գործադիր տնօրեն Սերգեյ Սայադովի կողմից, ով իր առջև նպատակ էր դրել ստեղծել ռուսերեն լեզվով տեղեկատվական ֆոնդ՝ Հայաստանի և հայերի մասին: ԵՊՀ մի խումբ ուսանողներ միավորվեցին հայկական հանրագիտարանի ստեղծման աշխատանքների շուրջ և ընդամենը մի քանի օրում ստեղծեցին որոշակի բազա՝ կայքի հետագա զարգացման համար: Սույն թվականի մարտի 18-ին hayazg.info-ի հիմնադիր Սերգեյ Սայադովը և կայքի ծրագրավորող, տեխանիկական գծով պատասխանատու Օլեգ Շլիկովը ԵՊՀ ՀՀԻ մասնաշենքում հանդիպեցին ուսանողների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին այն բոլոր խնդիրները, որոնք կարող էին առաջանալ հանրագիտարանի հայկական տարբերակը ստեղծելիս: Սայադովը նշեց, որ իրականացվող աշխատանքները շատ կարևոր են, քանի որ «Հայազգն» ունի մեծ պահպանողական նշանակություն: Այստեղ կան տեղեկություններ, որոնք գոյություն չունեն ոչ մի աղբյուրում, քանի որ այդ տեղեկությունները ստացվել են հենց սկզբնաղբյուրից: «Հայազգի» խմբագիրը՝ Սերգեյ Սայադովը, հանդիպման ժամանակ որոշ խորհուրդներ տվեց ուսանողներին, որոնք կօգնեն նրանց ոչ դյուրին աշխատանքում: Երիտասարդներին տեխնիկական առումով իր խորհուրդները տվեց նաև Օլեգ Շլիկովը: Նա մանրամասնորեն բացատրեց կայքի աշխատանքի սկզբունքները, ինչպես նաև հոդվածների տեղադրման տեխնիկական մանրուքները: Հանդիպումից հետո հանրագիտարանի աշխատանքները վերսկսվեցին նոր եռանդով: Մոտ ժամանակներս այն արդեն պատրաստ կլինի և կմատուցվի հայալեզու լսարանին: |