ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ Երևանի պետական համալսարանի հիմնադրման առաջին իսկ տարիներից, բնագիտական և հասարակական գիտությունների հետ մեկտեղ, մեծ թափ է հաղորդվել նաև հայագիտական ուսումնասիրություններին:
Երևանի պետական համալսարանում հայագիտության զարգացմանը նոր թափ հաղորդելու մտահոգությամբ 1968 թ. առաջադրվեց հատուկ գիտահետազոտական լաբորատորիա ստեղծելու գաղափարը: Ինչն էլ իկատար ածվեց ՀԽՍՀ ԳԱ իսկական անդամներ Մ. Ներսիսյանի և Էդ. Աղայանի գործադրած ջանքերի շնորհիվ:
Նորաստեղծ լաբորատորիան կոորդինացնելու էր ոչ միայն կազմակերպական, այլև գիտահետազոտական աշխատանքները հումանիտար այն ֆակուլտետներում, որտեղ մշակվում էին հայագիտական թեմաներ: Հետագայում լաբորատորիան վերանվանվեց ԵՊՀ հայագիտական հետազոտությունների կենտրոնի, որի գործունեության ընթացքում հսկայական աշխատանք կատարվեց:
Հրատարակվել և վերահրատարակվել են հայագիտության տեսանկյունից մեծ արժեք ներկայացնող բազմաթիվ աշխատություններ: Հայագիտական կենտրոնի հիմքի վրա 2008 թ. հուլիսի 10-ին ԵՊՀ գիտական խորհրդի կողմից ստեղծվեց Հայագիտական հետազոտությունների ինստիտուտը, որտեղ ներառվեցին ԵՊՀ հայագիտական հետազոտությունների կենտրոնը, հնագիտական հետազոտությունների, Հայաստանի պատմական աշխարհագրության և քարտեզագրության լաբորատորիաները, հայ-վրացական կապերի կենտրոնը և հայ-օսմանական առնչությունների բաժինը:
Նորաստեղծ ինստիտուտի առջև խնդիր դրվեց հետազոտությունների հիմնական առանցքը դարձնել հետևյալ ուղղությունները.
-Հայ հնագիտությունը (Հնագիտական հետազոտությունների լաբորատորիա),
-Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմությունը, պատմագրությունը և մատենագիտությունը (Ցեղասպանագիտության բաժին),
-Հայ-օսմանական առնչությունները (Հայ-օսմանական առնչությունների բաժին),
-Հայ-վրացական կապերը (Հայ-վրացական հարաբերությունների բաժին),
-Հայագիտական պատմագիտական և աղբյուրագիտական ժառանգության ուսումնասիրությունը (Աղբյուրագիտության բաժին),
-Վիրտուալ (էլեկտրոնային-համացանցային) հայագիտությունը (Վիրտուալ հայագիտության և տեղեկատվության բաժին):
-Հայաստանի պատմական աշխարհագրության, քարտեզագրության ուսումնասիրությունը (Բ. Հարությունյանի անվ. Հայաստանի պատմական աշխարհագրության և քարտեզագրության լաբորատորիա)
-Հայ-քրդական առնչությունները (Հայ-քրդական առնչությունների բաժին) Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրենն է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արամ Սիմոնյանը:
Տես ավելին՝ <<Քաղվածք Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի 2008 թ.-ի հուլիսի 10-ի թիվ 6 նիստի արձանագրությունից>>
|