Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Երևանի պետական համալսարանի Հայագիտական հետազոտությունների ինստիտուտը Մինչհամալսարանական կրթության վարչության հետ համատեղ «Ցեղասպանագիտություն» մագիստրոսական ծրագրի շրջանակում  իրականացնում է սեմինար-դասընթացներ ՀՀ կրթական հաստատություններում:Ս.թ. ապրիլի 7-ին ՀՀԻ ցեղասպանագիտության բաժնի առաջատար գիտ. աշխատող պ.գ.դ պրոֆեսոր Աշոտ Հայրունին և Ցեղասպանագիտություն մագիստրոսական ծրագրի ուսանողները դասախոսություն-սեմինար անցկացրին Արարատ քաղաքի պետական քոլեջում՝ ներկայացնելով «Ցեղասպանություն» տերմինի ծագումնաբանությունը, Հայոց ցեղասպանության պատմությունն  ու ականատես վերապրող Ավրորա (Արշալույս) Մարտիկանյանի կենսագրությունը: Թեմայի շուրջ կազմակերպվեց քննարկում, ինչի արդյունքում առավել ամրապնդվեց քոլեջի ուսանողների գիտելիքները Հայոց ցեղասպանության մասին:

Միաժամանակ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան N5 ավագ դպրոցում տեղի ունեցավ «Հայոց  ցեղասպանության 100-ամյա  տարելիցը»  խորագրով աշակերտական  գիտական  կոնֆերանս: Միջոցառմանը ներկա էին  ոչ միայն ՀՀԻ Ցեղասպանագիտության մագիստրոսական ծրագրի ուսանողները, այլև Աշտարակի, Ապարանի և Թալինի ավագ դպրոցների ուսուցիչներ, աշակերտներ, տնօրեններ: Միջոցառման նպատակն էր ներկայացնել այն մոտեցումները, որոնք ունեն հայ աշակերտները՝ ցեղասպանությունների, Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման, հայոց պահանջատիրության հարցերի շուրջ: Աշակերտները ներկայացրին Հայկական հարցի պատմությանը, Ցեղասպանության ծրագրի ծագումնաբանությանը, 1915թ. ինքնապաշտպանական մարտերին, օտարազգի հայասերների ծավալած գործունեությանն ու հայոց պահանջատիրական իրավական հիմքերին վերաբերող հետազոտական աշխատանքներ: Ներկայացված թեմաների շուրջ ծավալվեց բազմաբովանդակ ու ակտիվ քննարկում, ինչն էլ ավելի հետաքրքիր ու նոր գաղափարների փոխանակման առիթ դարձավ: ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի դասախոս, պ.գ.թ. Տիգրան Գևորգյանը և ԵՊՀ ՀՀԻ ցեղասպանագետ ուսանողները խթանեցին աշակերտների՝ գիտական ոլորտում առաջին քայլերը կատարելու և  գիտական աշխատանք գրելու փորձերը: Այս միջոցառման շրջանակներում ամրապնդվեցին բանավիճելու, համագործակցելու, ինքնուրույն տեսակետ հայտնելու, նյութը  գիտականորեն մատուցելու կարողությունները: