Նորություններ
Տպել

Մեկնարկում է ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի «Ցեղասպանագիտություն»  մագիստրոսական ծրագրի ընդունելության նոր փուլը: «Կրթության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասին և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ  ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցման համար հատկացվել է 6 տեղ, որից 1-ը՝ տարկետման իրավունքով:

Հիշեցնենք նաև՝ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտը ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ հայտարարում է սփյուռքահայ դիմորդների ընդունելություն: Ընդունելության քննությունը հաջողությամբ հանձնած սփյուռքահայ դիմորդները կսովորեն պետպատվերի շրջանակում (Սփյուռքահայ դիմորդները փաստաթղթերը ներկայացնեն ՀՀ կրթության և գիտության նախարարություն մինչև ս.թ. օգոստոսի 15-ը):

 ԵՊՀ-ում փաստաթղթերի ընդունելությունը  կսկսվի  2015 թ. մայիսի  25-ից (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 5-րդ հարկ, Մագիստրատուրայի բաժին):

Ըստ Երևանի պետական համալսարանի առկա ուսուցմամբ մագիստրատուրայի 2015/2016 ուս. տարվա ընդունելության կանոնակարգի մագիստրատուրայի ընդունելությունը կատարվում է 3 փուլով.

1-ին փուլ՝ 25.05.2015 - 04.06.2015. Առաջին փուլում բանակի տարկետման իրավունքով անվճար համակարգ կարող են դիմել ԵՊՀ բակալավրիատի տվյալ կամ հարակից մասնագիտության ընթացիկ ուստարվա արական սեռի այն շրջանավարտները, որոնք ավարտական աշխատանքի պաշտպանությունից և ամփոփիչ ատեստավորման քննությունից ստացել են 13 կամ ավելի բարձր միավորներ, իսկ դիպլոմի հավելվածում գրանցված առարկաների միջին որակական գնահատականը (ՄՈԳ) կազմում է առնվազն 13։ Ընդունելությունը կատարվում է մրցութային հիմունքներով` մանդատային հանձնաժողովի երաշխավորության հիման վրա (Հավասար ՄՈԳ-ի պարագայում առաջնահերթության կարգով հաշվի են առնվում հետևյալ լրացուցիչ չափանիշները`  գերազանցության դիպլոմի առկայություն, ավարտական աշխատանքի պաշտպանության և ամփոփիչ ատեստավորման քննության միավորների գումարը)։

2-րդ փուլ՝ 25.05.2015 - 03.07.2015. Երկրորդ փուլում անվճար համակարգ առանց բանակի տարկետման իրավունքի կարող են դիմել ԵՊՀ բակալավրիատի առկա և հեռակա ուսուցման տվյալ կամ հարակից մասնագիտության ընթացիկ ուստարվա այն շրջանավարտները, որոնք ավարտական աշխատանքի պաշտպանությունից և ամփոփիչ ատեստավորման քննությունից ստացել են 13 կամ ավելի բարձր միավորներ, իսկ դիպլոմի հավելվածում գրանցված առարկաների միջին որակական գնահատականը (ՄՈԳ) կազմում է առնվազն 13։ Ընդունելությունն անվճար համակարգ կատարվում է ընդունելության քննության արդյունքներով` մրցութային հիմունքներով։ Երկրորդ փուլում վճարովի համակարգ կարող են դիմել ԵՊՀ և այլ պետական ու ըստ մասնագիտությունների հավատարմագրված ոչ պետական բուհերի առկա և հեռակա ուսուցման ընթացիկ և նախորդ տարիների շրջանավարտները։ Ընդունելությունը կատարվում է մրցութային հիմունքներով տվյալ մասնագիտության բակալավրի ամփոփիչ ատեստավորման քննական ծրագրին համապատասխան անցկացված քննության արդյունքներով։ Ընդունելության վերաբերյալ որոշումը կայացնում է ընդունող հանձնաժողովը` առարկայական քննական հանձնաժողովների ներկայացրած արձանագրությունների հիման վրա։

3-րդ փուլ՝ 10.07.2015 - 27.08.2015. Երրորդ փուլում անվճար (բանակից զորացրված (ԲԶ) դիմորդների համար նախատեսված տեղերի շրջանակներում) համակարգ կարող են դիմել ԵՊՀ տվյալ մասնագիտությամբ բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող պարտադիր  ժամկետային զինվորական ծառայություն անցած և վերջին երեք տարվա ընթացքում զորացրված դիմորդները։ Ընդունելությունը կատարվում է առանց քննության մրցութային կարգով` նախորդող ուսումնառության դիպլոմի հավելվածում գրանցված առարկաների ՄՈԳ-ի հիման վրա։ Ընդունելության վերաբերյալ որոշումը կայացնում է ընդունող հանձնաժողովը` մանդատային հանձնաժողովի երաշխավորության հիման վրա։ Անվճար համակարգի մրցույթից դուրս մնացած պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած դիմորդները վճարովի համակարգ ընդունվում են առանց ընդունելության քննության։ Երրորդ փուլով մագիստրատուրայի վճարովի համակարգ կարող են դիմել նաև առաջին և երկրորդ փուլում ժամանակին չդիմած անձինք։

Ընդունելությունը կատարվում է` 1-ին փուլով՝ հունիսի 9-ից մինչև հունիսի 10-ը, 2-րդ փուլով՝ հուլիսի 7-ից մինչև հուլիսի 9-ը, 3-րդ փուլով` սեպտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 3-ը։

 


Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am