Երևանի պետական համալսարանում մեկնարկում է 2017/2018 ուսումնական տարվա մագիստրատուրայի ընդունելությունը: ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի «ՑԵՂԱՍՊԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» մագիստրոսական ծրագրում (տրվում է Միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճան) ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցման համար հատկացվել է 3 տեղ, որից 2-ը՝ տարկետման իրավունքով: Հիշեցնենք նաև՝ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտը ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ հայտարարում է սփյուռքահայ դիմորդների ընդունելություն: Ընդունելության քննությունը հաջողությամբ հանձնած սփյուռքահայ դիմորդները կսովորեն պետպատվերի շրջանակում (Սփյուռքահայ դիմորդները փաստաթղթերը ներկայացնեն ՀՀ կրթության և գիտության նախարարություն): ԵՊՀ-ում փաստաթղթերի ընդունելությունը կսկսվի 2017 թ. մայիսի 22-ից (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 6-րդ հարկ, մագիստրատուրայի բաժին): Ըստ Երևանի պետական համալսարանի առկա ուսուցմամբ մագիստրատուրայի 2017/2018 ուս. տարվա ընդունելության կանոնակարգի մագիստրատուրայի ընդունելությունը կատարվում է 3 փուլով. 1-ին փուլ՝ 22.05.2017 - 02.06.2017. Առաջին փուլում բանակի տարկետման իրավունքով անվճար համակարգ կարող են դիմել ԵՊՀ բակալավրիատի տվյալ մասնագիտության ընթացիկ ուստարվա արական սեռի այն շրջանավարտները, որոնք ավարտական աշխատանքից և ամփոփիչ ատեստավորման քննությունից ստացել են 13 կամ ավելի բարձր միավորներ, իսկ դիպլոմի հավելվածում գրանցված առարկաների միջին որակական գնահատականը (ՄՈԳ) կազմում է առնվազն 13։ Ընդունելությունը կատարվում է մրցութային հիմունքներով` մանդատային հանձնաժողովի երաշխավորության հիման վրա։ Հավասար ՄՈԳ-ի պարագայում առաջնահերթության կարգով հաշվի են առնվում հետևյալ լրացուցիչ չափանիշները. - գերազանցության դիպլոմի առկայություն, - ավարտական աշխատանքի և ամփոփիչ ատեստավորման քննության միավորների գումարը։ 2-րդ փուլ՝ 22.05.2017 - 03.07.2017. Երկրորդ փուլում անվճար համակարգ առանց բանակի տարկետման իրավունքի կարող են դիմել ԵՊՀ բակալավրիատի առկա և հեռակա ուսուցման տվյալ մասնագիտության ընթացիկ ուստարվա այն շրջանավարտները, որոնք ավարտական աշխատանքից և ամփոփիչ ատեստավորման քննությունից ստացել են 13 կամ ավելի բարձր միավորներ, իսկ դիպլոմի հավելվածում գրանցված առարկաների միջին որակական գնահատականը (ՄՈԳ) կազմում է առնվազն 13։ Ընդունելությունը կատարվում է մրցութային հիմունքներով` մանդատային հանձնաժողովի երաշխավորության հիման վրա։ Երկրորդ փուլում վճարովի համակարգ կարող են դիմել ԵՊՀ (ԵՊՀ առկա ուսուցմամբ մագիստրատուրայի 2017/2018 ուստարվա ընդունելության կանոնակարգի նաև 4.1. կետի պահանջները չբավարարելու դեպքում) և այլ պետական ու ըստ մասնագիտությունների հավատարմագրված (ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած) ոչ պետական բուհերի առկա և հեռակա ուսուցման ընթացիկ և նախորդ տարիների շրջանավարտները։ Ընդունելությունը կատարվում է մրցութային հիմունքներով տվյալ մասնագիտության բակալավրի ամփոփիչ ատեստավորման քննական ծրագրին համապատասխան անցկացված քննության արդյունքներով։ Ընդունելության վերաբերյալ որոշումը կայացնում է ընդունող հանձնաժողովը` առարկայական քննական հանձնաժողովների ներկայացրած արձանագրությունների հիման վրա։ 3-րդ փուլ՝ 10.07.2017 - 25.08.2017. Երրորդ փուլում անվճար (բանակից զորացրված (ԲԶ) դիմորդների համար նախատեսված տեղերի շրջանակներում) համակարգ կարող են դիմել ԵՊՀ տվյալ մասնագիտությամբ բակալավրի որակավորում ունեցող ՀՀ Ազգային բանակում ծառայած և վերջին երեք տարվա ընթացքում զորացրված դիմորդները։ Մասնագիտության փոփոխման պարագայում ԵՊՀ շրջանավարտների կամ այլ ԲՈՒՀ-երի շրջանավարտների, ինչպես նաև ՀՀ Ազգային բանակում ծառայած և երեք տարի առաջ զորացրված դիմորդների ընդունելությունը կատարվում է միայն վճարովի համակարգում` տվյալ մասնագիտության բակալավրի ամփոփիչ ատեստավորման ծրագրին համապատասխան անցկացված քննության արդյունքներով։ Ընդունելության վերաբերյալ որոշումը կայացնում է ընդունող հանձնաժողովը` առարկայական քննական հանձնաժողովների ներկայացրած արձանագրությունների հիման վրա։ Առկա ուսուցման համակարգում մագիստրատուրայի ընդունելության քննությունները անցկացվում են. I փուլ - հունիսի 6-ից մինչև հունիսի 8-ը II փուլ - հուլիսի 6-ից մինչև հուլիսի 8-ը III փուլ - օգոստոսի 29-ից մինչև օգոստոսի 30-ը |