ՀԵՏԱՔՐՔԻՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԱՅՆ ՄԱՍԻՆ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՂԱՎ, ՈՐ ԼԵՄԿԻՆՆ ՍԿՍԵՑ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ ՄԻ ԵՐԵՎՈՒՅԹ, ՈՐԸ ԴԵՌ ԱՆՎԱՆՈՒՄ ՉՈՒՆԵՐ, ԻՍԿ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ՊԻՏԻ ԿՈՉՎԵՐ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
1921թ. Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում հայազգի վրիժառու Սողոմոն Թեհլերյանը գնդակահարեց Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար և Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշային: Այս իրադարձությունը գրավեց ողջ Եվրոպայի ուշադրությունը և դարձավ բուռն քննարկումների առարկա:
20-ամյա Ռաֆայել Լեմկինը, ով այդ ժամանակ սովորում էր Լվովի համալսարանի լեզվաբանության ֆակուլտետում, հետաքրքված լինելով այդ սպանությամբ՝ դասընթացներից մեկի ժամանակ քննարկում է ծավալում դասախոսի հետ:
Նրան հուզում է այն հարցը, թե ինչու է միլիոնավոր մարդկանց սպանությունը մնում անպատժելի, իսկ մի ոճրագործի սպանությունը՝ դատապարտելի:
Դասախոսը պատասխանում է.
-Պատկերացրու մի ֆերմերի, ով ինքն է որոշում, թե ինչպես վարվի իր կենդանիների հետ: Եթե միջամտնենք, կխառնվենք նրա անձնական գործերին:
Լեմկինի համար անմտություն էր ազգին համեմատել կենդանիների հետ: Նրա համար զարմանալի էր, որ չկար որևէ օրենք, որով Թալեաթը պատասխանատվության կենթարկվեր հայերի նկատմամբ կատարվածի համար:
Այս հանցանքը դատապարտելու Լեմկինի ցանկությունը հիմք հանդիսացավ, որպեսզի նա լեզվաբանությունից անցում կատարի իրավագիտության ուսումնասիրմանը: Արդյունքում հենց նրա կողմից էլ ստեղծվեց և շրջանառության մեջ դրվեց ցեղասպանություն տերմինը:
|