Նորություններ
Տպել

 

 

Սուլթանական ընտանիքից սերող Ջելալ բեյը զբաղեցրել է ամենատարբեր պետական պաշտոններ Օսմանյան կայսրությունում՝ ներքին գործերի նախարարից մինչև նահանգի կառավարիչ: Գերմանիայում ստացել է բարձրագույն կրթություն, իսկ վերադառնալուց հետո զբաղվել է ուսուցչությամբ: Նա եղել է Էրզրումի, Հալեպի, Այդինի, Ադանայի և Կոնյայի նահանգների կառավարիչը: Ականատես է եղել Հայոց ցեղասպանությանը և չի կարողացել հանդուրժել իր շուրջը կատարվող երևույթները: 1910թ. նշանակվել է Էրզրումի կառավարիչ: Երբ 1915թ. սկսվեցին հայերի նկատմամբ հետապնդումները, նա, օգտագործելով իր պաշտոնական դիրքը, օգնեց մեծ թվով հայերի: 
Տեղահանությունների սկբնական շրջանում նա այն համոզմանն էր, որ դրանք բնաջնջման մտադրություն չունեն, քանի որ, ըստ նրա, Օսմանյան կայսրությունը չէր ոչնչացնի իր մարդկային կապիտալի կարևոր մասնիկին: 
Գիտակցելով տեղահանության իրական նպատակը՝ Ջելալ բեյը «անձնական ու գաղտնի» նամակ է ուղարկում ներքին գործերի նախարար Թալեաթին, որում գրում է. «Հայերի բնաջնջումը մեր երկրին այնպիսի կորուստ կպատճառի, որը դարերով չենք կարողանա լրացնել»։ 
Նա հայերի տեղահանության մասին բարձրաձայնել է նաև ամերիկյան և իտալական հյուպատոսների մոտ՝ խնդրելով Բարձր Դռան վրա ճնշում գործադրել:
Նա անգամ անձամբ մեկնել է Կոստանդնուպոլիս և փորձել համոզել, որպեսզի տեղահանությունները դադարեցվեն, սակայն, բնականաբար, ստացել է բացասական պատասխան:
Իր հուշերում նա գրում էր. «Ես նման եմ մի մարդու, որը նստած է գետի ափին առանց որեւէ հնարավորության փրկելու որեւէ մեկին: Արյունը հոսում էր՝ գետն ի վար տանելով իր հետ հազարավոր անմեղ երեխաների, անբասիր ծերունիների եւ անօգնական կանանց: Ում որ կարող էի փրկել, ես փրկեցի, մնացյալները գետն ի վար գնացին անվերադարձ»:


Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am