Նամիբիան 19-րդ դարում դարձավ գերմանական կայսրության գաղութը: Բնիկ ժողովուրդների նկատմամբ Գերմանիայի վարած քաղաքականությունն ուղեկցվում էր ճնշումներով և զանգվածային սպանություններով: 1904թ. հունվարին հերերոները ապստամբություն են իրականացնում, որը տևում է մինչև 1907թ. մարտի 31-ը (հերերոները, էթնիկ խումբ են, որը հայտնի է նաև օվահերերո անվանմամբ, հիմնականում բնակվում են Նամիբիայում, Անգոլայում):
Գերմանական վերահսկողության աճի հետ մեկտեղ սահմանափակվեց հերերոների ազատությունը, և 1904թ. հունվարի 11-ին հերերոների առաջնորդ Սամուել Մահարոն կոչ արեց ոչնչացնել բոլոր սպիտակամորթներին՝ բացառությամբ անգլիացիների և գերմանական պռոտեկտորատի տակ գտնվող միսիոներների: Գործողությունների պլանը խիստ գաղտնի էր պահվում:
1904թ. հունվարի 12-ին տեղի ունեցավ հերերոների առաջին հարձակումը, որի արդյունքում սպանվեց 123 մարդ, որոնց գերակշռող մասը գերմանացիներ էին: Ավելի ուշ հերերոները գրավեցին Վաթերբերգի ռազմական կայանը և միջանք բացեցին միայն գերմանացի կանաց և երեխաների համար, ովքեր կարողացան անցնել Օկահանջա:
Գերմանական բանակը կարողացավ ճնշել ապստամբությունը, և 1904 թ. օգոստոսի 11-ին հերերոները աքսորվեցին անապատ, և նրանցից շատերը մահացան սովից և ծարավից: Մյուս մասին գերմանացիները տեղափոխեցին համակենտրոնացման ճամբարներ, որտեղ նրանք կա՛մ մահապատժի էին ենթարկվում, կա՛մ՝ բժշկական փորձարկումների: Զոհերի ընդհանուր թիվը տատանվում է 24.000-100.000-ի մեջ:
Հ.Գ. Ըստ Վայթեյքեռի 1985թ. ՄԱԿ-ում ներկայացված զեկույցի՝ հերերոների նկատմամբ կատարվածը որակվում է որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: 2004թ. Գերմանիայի կառավարությունը ճանաչեց հերերոների ցեղասպանությունը և ներողություն խնդրեց կատարվածի համար:
Վերադառնալ
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am