Նորություններ
Տպել

  Մարիա Յակոբսենը ծնվել է 1882թ. Դանիայում: Երիտասարդ տարիքում դանիական և արտասահմանյան թերթերից տեղեկացել է համիդյան կոտորածների և Օսմանյան կայսրությունում հայերի հալածանքների մասին: 1906թ. բուժքույրական դասընթացներն ավարտելուց հետո դառնում է «Կանանց միսիոներական աշխատողներ» կազմակերպության անդամ և որպես միսիոներ մեկնում է  Խարբերդ: Տեղացիների հետ շփվելու նպատակով կարճ ժամանակում սովորում է հայերեն: 1907-1919թթ.-ի տեսածը Յակոբսենը շարադրում է իր օրագրում, որը հետագայում դառնում է Հայոց ցեղասպանության մասին ականատեսի վկայություն: 600 էջից բաղկացած օրագրում նկարագրված է Խարբերդի հայերի տեղահանությունն ու աքսորը:

 Օրագրի գոյությունը Յակոբսենը խիստ գաղտնի  էր պահում՝  դրանով իսկ վտանգելով սեփական կյանքը: Մահից հետո օրագիրը թարգմանվում է հայերեն և 1979թհրատարկվում Բեյրութում:

Մարիա Յակոբսենի ջանքերով  ավելի քան 3600 հայ որբեր անցում են նրա խնամակալության տակ: Հենց այդ ժամանակ էլ նա վարակվում է հիվանդությամբ:

 1919թ. բուժման նպատակով որոշում է մեկնել Դանիա, սակայն հրավեր է ստանում մեկնելու  ԱՄՆ: 7 ամիսների ընթացքում նրան հաջողվում է հայ որբերի համար գումար հայթայթել, որից հետո փորձում է վերադառնալ Խարբերդ, սակայն թուրքական իշխանությունները թույլ չեն տալիս

 Մարիա
Յակոբսենի նախաձեռնությամբ և ջանքերով 1922թ.-ին Սայդայում բացվում է որբանոց, որը 1928թ.-ին տեղափոխվում է Բեյրութի մերձակայքում գտնվող Ջիբեյլ ավան և կոչվում «Թռչնոց բույն»: Հենց այստեղ էլ Յակոբսենը շարունակում է իր գործունեությունը: Հայ որբերը նրան դիմում էին «մամա»: «Թռչնոց բույնը» նրանց համար ավելի շատ դպրոց էր և տուն, քան որբանոց: Այնտեղ երեխաները սովորում էին  նույն այն առարկաները, որոնք դասավանդվում էին Լիբանանի հանրային դպրոցներում:

 Դեռ կենդանության օրոք Յակոբսենը մարդասիրական գործունեության համար 1950թ. պարգևատրվել է Դանիայի թագավորության ոսկե մեդալով, իսկ  1954թ.՝ Լիբանանի կառավարության կողմից արժանացել պատվո ոսկե մեդալի:
Մարիա Յակոբսենը մահացել է 1960թ. ապրիլի 6-ին, և իր կամքով հուղարկավորվել «Թռչնոց բույն» որբանոցի բակում:


 


Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am