Մարիա Յակոբսենը ծնվել է 1882թ. Դանիայում: Երիտասարդ տարիքում դանիական և արտասահմանյան թերթերից տեղեկացել է համիդյան կոտորածների և Օսմանյան կայսրությունում հայերի հալածանքների մասին: 1906թ. բուժքույրական դասընթացներն ավարտելուց հետո դառնում է «Կանանց միսիոներական աշխատողներ» կազմակերպության անդամ և որպես միսիոներ մեկնում է Խարբերդ: Տեղացիների հետ շփվելու նպատակով կարճ ժամանակում սովորում է հայերեն: 1907-1919թթ.-ի տեսածը Յակոբսենը շարադրում է իր օրագրում, որը հետագայում դառնում է Հայոց ցեղասպանության մասին ականատեսի վկայություն: 600 էջից բաղկացած օրագրում նկարագրված է Խարբերդի հայերի տեղահանությունն ու աքսորը: Մարիա Յակոբսենի ջանքերով ավելի քան 3600 հայ որբեր անցում են նրա խնամակալության տակ: Հենց այդ ժամանակ էլ նա վարակվում է հիվանդությամբ: 1919թ. բուժման նպատակով որոշում է մեկնել Դանիա, սակայն հրավեր է ստանում մեկնելու ԱՄՆ: 7 ամիսների ընթացքում նրան հաջողվում է հայ որբերի համար գումար հայթայթել, որից հետո փորձում է վերադառնալ Խարբերդ, սակայն թուրքական իշխանությունները թույլ չեն տալիս: Դեռ կենդանության օրոք Յակոբսենը մարդասիրական գործունեության համար 1950թ. պարգևատրվել է Դանիայի թագավորության ոսկե մեդալով, իսկ 1954թ.՝ Լիբանանի կառավարության կողմից արժանացել պատվո ոսկե մեդալի: |