Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորություններ
Տպել

 

  ԵՊՀ-ի 95 ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակներում հունիսի 12-ին ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Կրթությունը XXI դարում. խնդիրները և մարտահրավերները» խորագրով միջազգային գիտաժողով: Գիտաժողովին մասնակցում էին ինչպես   Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի, Բուլղարիայի, Վրաստանի և Շվեյցարիայի ներկայացուցիչները:

 Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Ողջույնի խոսք ասաց նաև Բելգորոդի պետական ազգային հետազոտական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Օլեգ Պոլուխինը: Սիմոնյանը նշեց, որ գիտաժողովը նվիրված է  ԵՊՀ  հիմնադրման 95-ամյակին, և դա հիանալի հնարավորություն է փորձի փոխանակման, ոլորտի հիմնախնդիրների համատեղ վերլուծության համար: Նրա խոսքով՝ որքան հաճախ լինեն նմանատիպ հանդիպումները, քննարկումները, այնքան ավելի հեշտ  ու արդյունավետ կլինի հաղթահարել կրթության ոլորտում առկա խնդիրները, բացթողումներն ու խոչընդոտները:

 Գիտաժողովին առաջին զեկույցով հանդես եկավ Արամ Սիմոնյանը, ով անդրադարձավ 21-րդ դարում բարձրագույն կրթության ոլորտի լուրջ մարտահրավերներին և բարեփոխումներին, որոնք պայմանավորված են քաղաքական, ժողովրդագրական, տնտեսական, տեխնոլոգիական, սոցիալական և մշակութային մի շարք հանգամանքներով, ինչպես նաև՝ բարձրագույն տեխնոլոգիական զարգացումներով, կրթության ոլորտի նոր ծրագրերով:

 Օլեգ Պոլուխինը «Համալսարանի նորարարական զարգացումը 21-րդ դարում. Բելգորոդի պետական ազգային հետազոտական համալսարանի փորձը» զեկույցում ներկայացրեց համալսարանի ստեղծման, կայացման և հետագա զարգացման որոշ պատմական տվյալներ, որից հետո անդրադարձ կատարեց համալսարանի ներկայիս զարգացման փուլերին, նախատեսված ներդրումային ծրագրերին, կրթական նոր ծրագրերին և այլն:

 Հաջորդ զեկուցող Սամվել Շուքուրյանն էլ անդրադարձ կատարեց Վիրտուալ ուսուցման մեթոդներին, բարձրագույն տեխնոլոգիաներով դասավանդման առանձնահատկություններին և, առհասարակ, կրթական ոլորտի որակի վերահսկմանը ԵՊՀ-ում:

 Նշենք, որ բացի գիտական խորհրդի նիստերի դահլիճից գիտաժողովը միաժամանակ անցկացվում էր ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի գրադարանում՝ Շումանի դահլիճում, Մոնեի անվան լսարանում, որտեղ բարձրագույն կրթական համակարգի խնդիրներին, բացթողումներին, ձեռքբերումներին, ապագա ծրագրերին անդրադարձան նաև  Հայաստանի պետական ինժեներական համալսարանի, Հայ-ռուսական (Սլավոնական), Հայաստանի պետական տնտեսագիտական, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական, Հայաստանի ազգային ագրարային համալսարանների, Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի, ինչպես նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ներկայացուցիչները:


Վերադառնալ