Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորություններ
Տպել

  2015 թ. հունիսի 18-ին ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված «Հայոց ցեղասպանության պատմական, միջազգային, իրավական, մշակութային և արվեստի հիմնահարցերը» խորագրով ներհամալսարանական գիտաժողով: Գիտաժողովը կազմակերպվել էր ԵՊՀ Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների աշխատանքները համակարգող հանձնաժողովի նախաձեռնությամբ:

Գիտաժողովին բացման խոսքով հանդես եկան ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների փոխտնօրեն, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված ԵՊՀ միջոցառումների նախապատրաստական աշխատանքները համակարգող հանձնաժողովի փոխնախագահ Մհեր Հովհաննիսյանը և ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը:

«Նմանատիպ միջազգային և ներհամալսարանական գիտաժողովների մեկնարկը տրվել է դեռևս տարվա սկզբին: ԵՊՀ-ն կազմակերպել և մինչև տարվա վերջ շարունակելու է կազմակերպել նմանատիպ ևս մի քանի միջոցառումներ: Նպատակը համալսարանականներին՝ ապագա իրավագետներին, մշակութաբաններին, լրագրողներին, պատմաբաններին, արևելագետներին, միջազգային իրավական  դաշտում Թուրքիայի և նրան աջակից  պետությունների կողմից պետական մակարդակով տարվող ժխտողական քաղաքականության դեմ հիմնավոր փաստերով հանդես գալը, պահանջատիրական, իրավական և քաղաքական գործունեություն ծավալելը խթանելն է»,- նշեց Մ. Հովհաննիսյանը:

Գիտաժողովին ներկայացված էին տարբեր թեմաներով 20-ից ավելի զեկույցներ: Իրավաբանական գիտությունների թեկնածու Եղիշե Կիրակոսյանը ներկայացրեց «19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին միջազգային իրավունքում ցեղասպանության արգելակման վերաբերյալ նորմերի վերլուծությունը և Հայոց Ցեղասպանության համար Թուրքիայի Հանրապետության միջազգային իրավական պատասխանատվության հիմքերը» վերնագրով զեկույցը: Համեմատական վերլուծություն  տարվեց պետական մակարդակով ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևերի միջև:   

Իր հերթին արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, բանասիրական գիտությունների թեկնածու Ռուբեն Մելքոնյանն էլ անդրադարձավ Հայոց ցեղասպանության վերաբերյալ 1965-2015 թթ. թուրքական իշխանությունների վարած կեսդարյա ինտենսիվ քաղաքականությանը: Ներկայացվեց նաև Հայոց ցեղասպանության  թեման Գերմանիայի թուրք գրականության մեջ, Թալեաթ փաշայի թողած անձնական  փաստաթղթերի, ինչպես նաև  Աբդուլ Համիդի  հուշերում Հայկական կոտորածների վերաբերյալ զեկույցներ:

Այնուհետև Հայոց ցեղասպանության խնդիրը ներկայացվեց առցանց մամուլում: ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բ.գ.թ. Անահիտ Մենեմշյանը և բ.գ.թ. դոցենտ Սայադյան Լիաննան իրենց համատեղ զեկույցի մեջ անդրադարձան 2014-2015 թթ. Հայոց ցեղասպանության մասին ֆրանսիական մամուլի անդրադարձներին: Իր հերթին բ.գ.թ., դոցենտ Վարդուհի Պետրոսյանն էլ խոսեց «Ժխտողական քաղաքականության խնդիրը ամերիկյան մամուլում 2014-2015 թթ.» թեմայի շուրջ: Համեմատականներ տարվեցին նախորդ տարիներին և 2015 թ. եվրոպական և ամերիկյան մամուլի կողմից Հայոց ցեղասպանության լուսաբնման միջև: Զեկուցմամբ հանդես եկավ նաև ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս բ.գ.թ., պրոֆեսոր Դավիթ Պետրոսյանը, ով ներկայացրեց «Հայոց ցեղասպանության թեման հայկական առցանց մամուլի երկխոսային դիսկուրսում» թեման: Այնուհետև մ.գ.թ. Հրաչ Բայադյանն էլ անդրադարձ կատարեց Ֆ. Աթինի «Սպի» ֆիլմում Հայոց ցեղասպանության նշանագիտական հենքին: Խոսեց ֆիլմից եկող ազդակների, գաղափարի և նպատակների մասին:

Գիտաժողովի վերջում ծավալվեց ակտիվ քննարկում զեկուցողների և ներկաների միջև: Անյուհետև ՀՀԻ փոխտնօրեն Մ. Հովհաննիսյանն ավելացրեց, որ լավագույն հոդվածները կտպագրվեն «Հայագիտության հարցեր» հանդեսի հաջորդ համարում:


Վերադառնալ