Կառավարության քննարկմանն է ներկայացված << 2011-2025թթ.-ի հայագիտության զարգացման ռազմավարությունը>>: Փաստաթղթում հստակ նշված են այն ուղղությունները, որոնցով ԵՊՀ-ի գլխավորությամբ ստեղծված հայագիտական հանձնաժողովի անդամ մասնագետների կարծիքով` մինչև 2025թ.-ը հայագիտությունը պետք է զարգանա: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ընդգծում է, որ հայագիտության զարգացման ընթացքը, իհարկե, կանգ չի առել. հայագետները շարունակում են աշխատել, սակայն որակի, առաջնահերթությունների առումով կան խնդիրներ:
<<Հայագիտության ոլորտի այս կամ այն խնդիրը պետք է դիտել համաշխարհային գործընթացների ֆոնի վրա: Զուտ նեղ, ազգային շրջանակների մեջ սահմանափակվելը այսօր խիստ վնասաբեր կարող է լինել: Մենք պետք է կարողանանք հայագիտության ոլորտում ընդհանրացումներ կատարել, տալ արդյունքներ, որոնք արժեք կունենան քաղաքակրթական մակարդակում: Մեր ուսումնասիրությունները պետք է ունենան տեսական և կիրառական այնպիսի բովանդակություն, որ համեմատելի լինեն, օրինակ, Ֆրանսիայում, Ռուսաստանում կատարվող նմանատիպ աշխատանքների հետ: Հիմքում ունենալով ազգայինը` պետք է ինտեգրվել համաշխարհային հոսքի մեջ>>,- ասում է ԵՊՀ ռեկտոր, հայագիտության զարգացման հայեցակարգի մշակման հանձնաժողովի անդամ Արամ Սիմոնյանը:
ԵՊՀ ռեկտորը նշում է, որ մենք հնարավորություն չունենք աղբյուրագիտական ավելի լուրջ ուսումնասիրություններ կատարելու, աշխատելու օտարերկրյա արխիվներում ու գրադարաններում: Նրա կարծիքով, բացի ֆինանսական խնդիրներից կա նաև ցանկության և համապատասխան լեզուների իմացության խնդիր: Արամ Սիմոնյանը ընդգծում է, որ պետք է քայլեր ձեռնարկել հայագիտության տեսանկյունից մեզ համար նպաստավոր համաշխարհային կարծիք ձևավորելու ուղղությամբ: Նա հատկապես մտահոգված է համացանցում Հայաստանը լիարժեքորեն ներկայացնելու խնդրով:
<< Պետք է մեր տեսակետը, ուսումնասիրությունների արդյունքները, մեր խնդիրները աշխարհին ներկայացնել համացանցի միջոցով: Սա մի ոլորտ է, որ պահանջում է բարձր պրոֆեսիոնալիզմ: Գաղտնիք չէ, որ մեր դեմ քարոզչական պատերազմ է տարվում: Դրան ի պատասխան մենք պետք է նախահարձակ լինենք>>,- համոզված է ԵՊՀ ռեկտորը:
Հենց այս բացթողումները լրացնելու, առաջնահերթությունները հստակեցնելու նպատակով վարչապետի կողմից կազմվել է նոր հանձնաժողով, որի մշակած ռազմավարությունը արդեն ներկայացվել է Կառավարության քննարկմանը:
<< Առաջին փաթեթում, որ ներկայացվեց, թեև բավականին արժեքավոր դիտարկումներ կային, սակայն բավարար չէին: Այդ պատճառով կազմվեց նոր հանձնաժողով, որը դեկտեմբերի վերջից սկսեց իր աշխատանքը>>,- նշում է Արամ Սիմոնյանը:
Վերադառնալ