Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորություններ
Տպել

 

11 անուն նոր գրքերի շնորհանդեսը կայացավ երեկ` ապրիլի 20-ին, ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում: Գրքերը, որոնց ցանկը կարելի է տեսնել  այս իրադարձության մասին տեղեկացնող մեր նախորդ նորության մեջ, ԵՊՀ հրատարակչության կողմից հրատարակվել են վերջին մեկ տարվա ընթացքում:
<<Այս գրքերին միավորում է ընդհանուր թեման` ցեղասպանությունը, հայ-թուրքական հարաբերությունները, արևմտահայության տնտեսական, սոցիալական, մշակութային վիճակը: Սրանք հայ հեղինակների` Օսմանյան կայսրության պատմությանը նվիրված ծավալուն աշխատանքներ են>>,- ողջունելով ներկաներին` ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը` ավելացնելով, որ վերջին շրջանում ԵՊՀ-ի ուշադրության կենտրոնում է հատկապես հայոց պատմությանը վերաբերող գրքերի հրատարակումը:
<<Երկու առանցքից կուզենայի դիտարկել այս իրադարձությունը: Առաջինը այն է, որ վաղը գրքի միջազգային օրն է, և խորհրդանշական է ԵՊՀ-ի կողմից այս գրքերի հրատարակումը: Երկրորդն իհարկե, այն է, որ մի քանի օրից լրանում է Մեծ եղեռնի 96-րդ տարին>>,- ասաց ՀՀ գրողների միության նախագահ Լևոն Անանյանը: Նա առանձնացրեց իսպանացի գրող  Գոնսալո Հ. Գուարչի <<Հայոց կտակ>> գիրքը, որը գրողի` եղեռնի մասին եռահատորյակի երկրորդ գիրքն է: Առաջին` <<Հայկական տոհմածառ>>, գրքի շնորհանդեսին, որը տեղի է ունեցել 2003թ.ին, հեղինակը եղել է Հայաստանում, այցելել  Ծիծեռնկաբերդ: Իսկ այս անգամ իսպանացի գրողը իր նամակն էր ուղարկել, որում  հեղինակը պատմում է, որ որքան շատ էր նա խորանում ցեղասպանության պատմության մեջ, այնքան ավելի պատասխանատվություն էր զգում: Նա իր նամակում  նշում է  1913-1916 թթ.-ին Պոլսում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի գրառումներից տպավորված լինելու մասին ու կոչ անում հայերին լինել միասնական և ունենալ այն համոզմունքը, որ ի վերջո աշխարհը ճանաչելու է 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած մեծագույն ոճիրը:
Ներկաները շնորհակալություն հայտնելով հայ հեղինակներին և խոսելով նրանց աշխատանքի կարևորության մասին` ընդգծեցին այն միտքը, որ ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված գործունեության մեջ պետք է մեծ ուշադրություն դարձնել այս թեմայով գրված օտարազգի հեղինակների աշխատանքներին:Վերջիններս բազմաթիվ են և հիմնականում գերմաներեն լեզվով:
Նշենք, որ 2010թ.-ի ընթացքում ԵՊՀ-ի կողմից 28մլն. դրամ է հատկացվել գրահրատարակչական գործին: Տպագրվել է 200 գիրք, որոնցից 120-ը` հայագիտական թեմայով:
 

Վերադառնալ