Հուլիսի 14-ին Երևանի պետական համալսարանի մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ վեցերորդ «Սփյուռք» ամառային դպրոցի 3 դասընթացների փակման հանդիսավոր արարողությունը:
Հինգ թեմատիկ ուղղություններով անցկացվող երկշաբաթյա դպրոցի «Երիտասարդ լրագրողների վերապատրաստում», «Ազգային երգի խմբավարների և պարուսույցների վարպետություն», «Երիտասարդ առաջնորդների և համայնքային գործի կազմակերպիչներ» դասընթացների փակման արարողությանը ներկա էին ՀՀ Սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը, «Սփյուռք» ամառային դպրոցի պատասխանատու, ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն, պ.գ.թ. Մհեր Հովհաննիսյանը, դասընթացների պատասխանատուները, դասախոսներ և դպրոցի մասնակիցներ։
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի փոխնախարար Ս. Սրապիոնյանը, ով խոսեց այս օրերին 3 դասընթացների հաջող ընթացքի մասին: «Մեզ համար ամառային դպրոցի կարևորագույն և առաջնային առաքելությունը հային հայ պահելն ու հային աշխարհում ավելի մրցունակ դարձնելն է։ Դպրոցում անցկացվող դասընթացներն ընտրված են հենց այդ սկզբունքից ելնելով։ Սիրելի՛ մասնակիցներ, դուք եք այն սերունդը, որ վերադառնալով ձեր երկրներ պետք է քարոզե՛ք լինել հայ ու սիրել հայկականը: Դո´ւք ձեր աշխատաննքով և ապրելակերպով պետք է լինեք լավագույնը ու երբեք չմոռանաք հայրենիքը:
ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մ. Հովհաննիսյանն էլ դիմելով մասնակիցներին, հորդորեց երբեք չմոռանալ Մայր բուհը, Սփյուռքի նախարարությունն ու այստեղ ձեռք բերած գիտելիքները․ «Հիշե՛ք, որ ունեք հայրենիք, որտեղ մտահոգվում են ձեզ համար։ Այն դրոշը, որն այստեղ մենք փոխանցում ենք ձեզ, բա՛րձր պահեք ձեր երկրում»։
Մասնակիցներին իրենց երախտիքի և ողջույնի խոսքը հղեցին երեք դասընթացների պատասխանատուները: «Երիտասարդ լրագրողների վերապատրաստում» դասընթացի պատասխանատու, ԵՊՀ Լրագրության ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը համոզմունք հայտնեց, որ հայրենիքն արդեն դպրոցի մասնակիցների սրտում է. «Հիշե՛ք, որ այդ հայրենիքի կորուստը սեփական ես-ի կորուստ պետք է լինի: Միշտ հիշե՛ք հայրենիքը, եղե՛ք հայրենիքի հետ ու հայրենիքում»:
«Ազգային երգի ու պարի վարպետություն» դասընթացի ղեկավար, ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանն էլ իր երախտագիտության խոսքը հղեց հատկապես այն դասախոսներին և ուսուցիչներին, ովքեր դասավանդել են «Սփյուռք» ամառային դպրոցի այս երեք դասընթացներում:
Ամառային դպրոցի փակման հանդիսավոր արարողությունը ուղեկցվեց համերգային ծրագրով, որի ընթացքում ելույթ ունեցան ազգային երգի ու պարի վարպետության դասընթացի մասնակիցները:
Միջոցառման ավարտին դասընթացների մասնակիցները ստացան մասնակցության հավաստագրեր, որոնք հանձնեցին ծրագրի պատասխանատու Մհեր Հովհաննիսյանը և Սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը:
Վերադառնալ