2018 թվականի հունիսի 4-8-ը ԱՄՆ Նյու Հեմշեր նահանգի Կինի պետական քոլեջում տեղի ունեցավ «Ցեղասպանագիտություն և ցեղասպանություների կանխարգելման» երկրորդ ամառային ինստիտուտը: Ծրագրին մասնակցել են աֆրիկյան երկրներից, Հնդկաստանից, ԱՄՆ տարբեր նահագներից, եվրոպական մի քանի երկրներից ժամանած 19 դասախոսներ: Հայաստանից այս ծրագրին մասնակցել է ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի Ցեղասպանագիտության բաժնի ղեկավար, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն, պ.գ.թ. Սուրեն Մանուկյանը:
Ամառային ինստիտուտի հիմնական նպատակն էր աջակցել աշխարհի տարբեր համալսարաններում
ցեղասպանագիտության եւ ցեղասպանության կանխարգելման
դասընթացների զարգացմանը: Դասախոսներին հնարավորություն էր ընձեռվում տարբեր մասնագետների հետ քննարկել, մշակել և բարելավել ուսումնական պլանները, ինչպես նաեւ զարգացնել դասավանդման
մեթոդաբանությունը:
«Սա մի դասընթաց էր, որի ընթացքում մասնակիցներին տրամադրվեց և´ դասավանդման փորձառություն, և´ օգնություն թեմատիկայի ընտրության, գրականության կազմման հարցում: Ծրագրի շրջանակներում ստացել ենք նաև մեծ քանակի նյութեր՝ թե´ տեսական, թե´ գործնական պարապմունքներ անցկացնելու համար, որոնք առաջիկայում պետք է աջակցեն տարբեր ուսումնական հաստատություններում ցեղասպանագիտության դասավանդման մեթոդների կիրառմանը: Հնգօրյա դասընթացի ընթացքում լսեցինք ոլորտի առաջատար դասախոսններին, ինչպես նաև ձեռք բերեցինք պրակտիկ դասավանդման մեթոդաբանության հետ կապված մի շարք հմտություններ»,- նշեց Մանուկյանը:
Ծրագրի շրջանակներում դասընթացին դասախոսություններով հանդես են եկել տարբեր երկրներից ժամանած մասնագետներ ԱՄՆ-ից, Չիլիից, Արգենտինայից: Ս. Մանուկյանը հատկապես առանձնացրեց Քենիի պետական քոլեջի՝ «Հոլոքոստի և Ցեղասպանության» ուսումնասիրության կենտրոնի պրոֆեսոր Ջեյմս Ուոլերին: Նշեց, որ Ուոլերը շատ հայտնի ցեղասպանագետ է, զբաղվում է ցեղասպանության սոցիալ հոգեբանական ասպեկտներով, զանգվածային մասնակցության խնդիրներով և այդ ոլորտի առաջատարն է:
Ծրագրի ընթացքում, բացի տարբեր երկրների փորձագետների դասավանդման մեթոդներին ծանոթանալուց, մասնակիցներին հնարավորություն ընձեռնվեց ներկայացնել նաև իրենց փորձը: «Ես իմ հերթին ներկայացրել եմ ԵՊՀ ՀՀԻ «Ցեղասպանագիտություն» մագիստորսական ծրագրի դասավանդման ծրագիրը, այստեղ կարդացվող դասընթացները և ստացել եմ որոշակի առաջարկություններ: Վերջին օրը նաև ունեցանք ընդհանուր մի քննարկում, որտեղ ամեն մի մասնակից ներկայացրեց ցեղասպանությունների կանխարգելման շուրջ իր երկրում տարվող աշխատաննքերը: Մի ամբողջ փաթեթ նյութեր տրամադրվեց դասախոսությունների աղբյուրների, լսարաններում ինտերակտիվ մեդոթներով քննարկումներ կազմակերպելու համար: Ինձ համար ծրագիրը շատ հետաքրքիր էր, հատկապես փորձի փոխանակման տեսանկյունից, և, իրոք, այս դասընթացը դասավանդման տեսանկյունից անգնահատելի փորձ էր յուրաքանչյուր մասնագետի համար»,- հավելեց Ս. Մանուկյանը:
Վերջինիս խոսքով՝ ակնկալիքները մեծ են, որ ցեղասպանության կանխարգելման դասընթացը կներդրվի նաև ԵՊՀ ՀՀԻ «Ցեղասպանագիտություն» մագիստորասական ծրագրում: Դա կլինի տարածաշրջանում առաջին փորձը:
«Իսկապես, ինքս շատ կարևորում եմ այս առարկայի դասավանդումը, որովհետև, ի վերջո, ցեղասպանագիտության ուսումնասիրման կարևորագույն թիրախն ապագայում ցեղասպանությունների կանխումն է»,-եզրափակեց Ս. Մանուկյանը:
Նյութի հեղինակ՝ Ելենա Զոհրաբյան
Վերադառնալ