Այսօր ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հայագետ Դորա Սաքայանի «Արեւմտահայերէնը անգլիախօս աշխարհի համար` զուգադրական մօտեցմամբ» (Western Armenian for the English-speaking World. A Contrastive Approach) գրքի շնորհանդեսը: Այս գիրքը վերանայված և լրացված հրատարակությունն է նույն հեղինակի` 2000 թ. Կանադայում լույս ընծայված ձեռնարկի:
Բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ռեկտոր, ՀՀԻ տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Սիմոնյանը, ով շեշտեց, որ այս գրքի շնորհանդեսը հերթականներից է, բայց ոչ սովորականներից, քանի որ այս գիրքը սպասված է ու հատկապես մեծ նշանակություն ունի հայկական սփյուռքի` մասնավորապես նրա անգլիախոս հատվածի համար:
Ապա Արամ Սիմոնյանը ներկաներին ցույց տալով արևմտահայերենի ներկայացվող գիրքը` 2007-ին լույս տեսած արևելահայերենի տարբերակի հետ (Eastern Armenian for the English-speaking World. A Contrastive Approach) հավելեց, որ առաջիկայում պատրաստվելու և ԵՊՀ-ի հրատարակչության կողմից հրատարակվելու է արևելահայերեն դասագրքի մի նոր տարբերակ, այս անգամ ոչ թե անգլիախոս, այլ ռուսախոս սովորողի համար: ԵՊՀ ռեկտորը շնորհավորեց և իր երախտիքի խոսքը հայտնեց Դորա Սաքայանին հայագիտության զարգացման գործում նրա մեծ ավանդի համար:
«Խորապես համոզված եմ, որ հայոց լեզուն աստվածային է, չունի իր նմանատիպը. մեր լեզուն հավերժ է, քանի դեռ կա մեր պետականությունը»,- իր ելույթում նշեց Արամ Սիմոնյանը:
Այնուհետև ելույթ ունեցավ Դորա Սաքայանը, ով ընդգծեց, որ իր հեղինակած երկու գրքերը պատրաստելիս միայն մեկ նպատակ է հետապնդել` հայոց լեզվի ուսուցման համար ստեղծել ժամանակակից մեթոդների վրա հիմնված մի կուռ կառույց, որով հնարավոր է անգլիախոս սովորողին ընձեռել հայերենի հաղորդակցական կարողություն: Նա նաև ավելացրեց, որ ի տարբերություն արևելահայերենին, որը գտնվում է ՀՀ-ի հովանու տակ և կենսունակ է, արևմտահայերենը գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի վտանգված լեզուների ցուցակում: Ուստի ներկայացվող գիրքն ունի հատուկ խորհուրդ, այն է` արևմտահայերենի գոյատևման նպաստելն է:
Ապա Սաքայանը` դիմելով շնորհանդեսին ներկա ՀՀ ԳԱԱ-ի Լեզվի ինստիտուտի տնօրեն` պարոն Վազգեն Համբարձումյանին, ասաց. «Այս երկու գրքերի միջոցով առաջին անգամ լինելով զուգադրվում են հայերենի երկու մասնաճյուղերը` արևմտահայերենը և արևելահայերենը, և դա կատարվում է լեզվի բոլոր մակարդակների վրա և նույն կառույցի հիման վրա: Սա կարող է հիանալի միջոց դառնալ նախաձեռնելու մեր լեզվի երկու գրական տարբերակների զուգադրական ուսումնասիրությունը»: Վերջում Սաքայանը շնորհակալություն հայտնեց ինչպես Արամ Սիմոնյանին, այնպես էլ ԵՊՀ հրատարակչության տնօրեն Պերճ Ստեփանյանին` սկզբից ևեթ գրքի նկատմամբ ցուցաբերած իրենց ուշադրության համար:
Ելույթ ունեցավ նաև ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի ամբիոնի վարիչ Լևոն Եզեկյանը: Նա նշեց, որ մեծ է եղել Դորա Սաքայանի ավանդը հայոց լեզվի տարածման գործում աշխարհի տարբեր ծայրերում և շնորհակալություն հայտնեց հաճելի համագործակցության համար:
Երևանի պետական համալսարանին Դորա Սաքայանի անունը հայտնի է դեռևս 1960-ական թվականներից, երբ նա երկար տարիներ ղեկավարում էր օտար լեզուների համահամալսարանական ամբիոնը և հայտնի էր որպես հմուտ գերմանագետ: 1975-ին նա տեղափոխվեց Կանադա և պաշտոնավարեց Մոնրեալի ՄակԳիլ համալսարանում, որտեղ ստացավ դոկտորի գիտական աստիճան և պրոֆեսորի կոչում: Վերջերս Սաքայանը արժանացավ նաև ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչմանը:
Գերմանագիտության մեջ ունեցած իր ներդրումներին զուգահեռ` Դորա Սաքայանը ՄակԳիլ համալսարանում զարգացրել է հայագիտությունը՝ նախաձեռնելով հայերենի դասընթացներ, գրելով հայագիտական մենագրություններ ու հոդվածներ, կատարելով կարևոր թարգմանություններ ու խմբագրություններ, կազմակերպելով հայագիտական միջազգային գիտաժողովներ:
Մեծ է Դորա Սաքայանի ավանդը հատկապես Հայոց ցեղասպանությունն աշխարհում ճանաչելի և ընդունելի դարձնելու գործում: Նա իր նախկին ուսանողուհու` Էվելինա Մակարյանի հետ գերմաներենից հայերեն է թարգմանում գերմանախոս երկրների գրադարաններում ու արխիվներում հայտնաբերած ականատեսների վկայություններ և Հայոց ցեղասպանությանն առնչվող նյութեր, որոնք պարբերաբար լույս են ընծայվում ԵՊՀ հրատարակչության կողմից:
Վերադառնալ