Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորություններ
Տպել

 

Նոյեմբերի 22-ին ԵՊՀ-ում անցկացվեց գիտաժողով՝ նվիրված պարսիկ գրող Նիզամի Գյանջավիի կյանքին և ստեղծագործությանը: Ինչպես իր խոսքում նշեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, թեմայի հրատապությունը կապված է այն ցավալի փաստի հետ, որ հարևան Ադրբեջանը յուրացնում է այլ ազգերի մշակութային արժեքները և դրանցով ներկայանում աշխարհին: Դեռևս սովետական շրջանից  սկսած Ադրբեջանի քաղաքական շրջանակները  ներկայացնում են Նիզամի Գյանջավիին՝ որպես ադրբեջանցի գրող: Այս փաստն օգտագործվում է քաղաքական ու գաղափարական նպատակներով:

‹‹Հանճարեղ մշակութային արժեքներն ունեն համամարդկային արժեք, սակայն արդարությունը պահանջում է հստակ նշել մարդու ծագումը: Նիզամի Գյանջավին պարսկական պոեզիայի հանճարեղ ներկայացուցիչներից է, որի ստեղծագործությունները որևէ առնչություն չունեն Ադրբեջանի հետ››,- նշեց Արամ Սիմոնյանը: Նա նաև առաջարկեց բողոքի նամակ ուղղել Յունեսկոյին, որը փաստորեն, ևս ,զոհ գնալով նավթադոլարներին, աչք է փակում  մշակութային կեղծարարությունների դեմ:
ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի դեկան Արծրուն Մինասյանն էլ իր խոսքում ընդգծեց, որ հարևան  ‹‹ փոքր Թուրքիան ›› առաջնորդվում է ‹‹այն ամենը, ինչը լավ չի հսկվում,մերն է›› կարգախոսով: 
Գիտաժողովին ներկա էր նաև Հայաստանում Իրանի դեսպանատան ներկայացուցիչ Իբրահիմ Փուրին: Նա նշեց, որ որևէ կասկածից վեր է այն փաստը, որ Նիզամին Գյանջավին պարսիկ գրող է: 
‹‹Ադրբեջանը պարզապես կեղծ ինքնություն է կերտում` այլոց մշակութային արժեքները յուրացնելով››,- ասաց Իբրահիմ  Փուրին:
Բանաստեղծի կյանքի և ստեղծագործության մասին զեկույցներով հանդես եկան պրոֆեսորներ Արմանուշ Կոզմոյանը, Սամվել Մուրադյանը, Սերժ Սրապիոնյանը, Գառնիկ Ասատրյանը, ասիստենտ Գառնիկ Գևորգյանը, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանը: Գիտաժողովի զեկուցումները լույս կտեսնեն առանձին ժողովածուով:
Նիզամի Գյանջևին (1141-1209 թթ.) ծնվել է  Գանձակում: Նա պարսկական բանաստեղծական արվեստի դասական, միջնադարյան Արևելքի մեծագույն բանաստեղծներից մեկն է, ով պարսկական դյուցազներգության մեջ բերել է ռեալիստական ոճ։ Համարվում է ազգային բանաստեղծ Իրանում, Տաջիկստանում, Աֆղանստանում և Ադրբեջանում։
 

Վերադառնալ