ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի համախմբումը մեկ հարկի ներքո արդեն փաստ է: Շուրջ մեկ տարի տևած շինարարական աշխատանքներից հետո 2013 թվականի դեկտեմբերի 20-ին տեղի ունեցավ ՀՀԻ նոր հարկաբաժնի բացման արարողությունը: Ներկա էին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ԵՊՀ ռեկտոր, ՀՀԻ տնօրեն Արամ Սիմոնյանը, պրոռեկտորներ, ԲՈՒՀ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ:
ԵՊՀ ռեկտոր, ՀՀԻ տնօրեն Արամ Սիմոնյանը և փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը հյուրերին ներկայացրեցին ինստիտուտի նոր տարածքը, եղան իննից ութ գիտահետազոտական բաժինների աշխատասենյակներում: Վերջիններս հագեցած են բոլոր անհրաժեշտ գույքային և տեխնիկական միջոցներով (9-րդը՝ Հնագիտական հետազոտությունների լաբորատորիան, ԵՊՀ պատմության մասնաշենքում է (Սև շենք), որտեղ առկա են լաբորատոր բոլոր պայմանները):
«Ինստիտուտի ստորաբաժանումները այսուհետ ևս առավել արդյունավետ գիտահետազոտական գործունեություն կծավալեն»,-բացման խոսքում նշեց ռեկտոր Արամ Սիմոնյանը:
Այնուհետև ներկաները եղան ինստիտուտի մասնագիտական գրադարանում: Այստեղ տեղ են գտել «Հրաչիկ Սիմոնյանի գրքերի ֆոնդ» շարքի ավելի քան 1500 հայագիտական գրքեր, ամսագրեր: Միաժամանակ հյուրերին ներկայացվեց ինտիտուտի 5 տարվա գործունեության ընթացքում հրատարակված շուրջ 60 անուն գիրք:
Հյուրերը կարևորեցին նաև «Ցեղասպանագիտության» մագիստրոսական ծրագրի ներդրումը: Ուսանողների համար նոր հարկաբաժնում գործում է էլեկտրոնային գրատախտակներով և համակարգիչներով հագեցված երեք լսարան: Առանձին համակարգչային սրահ է գործում գրադարանի տարածքում, առկա է նաև քննարկումների սրահ:
Վիրտուալ հայագիտության և տեղեկատվության բաժնում հյուրերը ծանոթացան թվայնացման գործընթացին, ինստիտուտի պաշտոնական կայքի՝ www.armin.am-ի և հայագիտական յոթ թեմատիկ կայքերի գործունեությանը, ինչպես նաև ՀՀԻ համացանցային քարոզչության մարտավարությանը:
Վերադառնալ