Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորութիւններ Աշխատանքային շտեմարան Յղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ
Նորութիւններ
Հանդիպում ԵՊՀ-ում << Պատմության և մշակույթի էջեր>> ծրագրի շրջանակներում
Փետրվարի 22-ին Երևանի պետական համալսարանի գիտխորհրդի ընդլայնված կազմը մայր բուհում հյուրընկալել էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին և ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին:
<< Պետության գոյության գրավականը նախևառաջ զինված ուժերն են: Վերջին մեկ տարվա ընթացքում հատկապես ակտիվ է համագործակցությունը Պաշտպանության նախարարության հետ: Մենք շատ լավ հասկանում ենք, թե որքան կարևոր է ռազմահայրենասիրությունը կրթության տեսանկյունից>>,- իր ողջույնի խոսքում նշեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:ԵՊՀ ռեկտորը և նախարարները իրենց խոսքում ընդգծեցին այս երկու ոլորտների` կրթության և պաշտպանության ակտիվ համագործակցության կարևորությունը` որպես երկրի անվտանգության, պաշտպանվածության երաշխիք:
<< Որքան էլ բանակները զինված լինեն, դրանց ղեկին կանգնած է մարդը: Պետք է նախօրոք աշխատել այն մարդկանց հետ, ովքեր ապագայում մտավոր, գիտական ներուժ են բերելու բանակ: Այսօր Ադրբեջանը փորձում է ներքաշել մեզ սպառազինությունների մրցավազքի մեջ: Թեև մենք ունենք ռազմական, տեխնիկական ձեռքբերումներ, սակայն ավելի շատ կարևորում ենք մարտական ոգին ու որակական չափանիշները: Հաղթական զինադադարը դեռ պահպանվում է, սակայն վերջնական խաղաղության հաստատման դեռ չենք հասել: Նման պայմաններում այս հանդիպումը կարևոր է մեր պաշտպանության համար>>,- իր խոսքում նշեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նախարարը հիշեցրեց, որ ԵՊՀ-ն անմասն չի մնացել Արցախյան գոյամարտում, որտեղ գիտելիքներով օժտված մարդիկ առաջատար դարձան և այսօր զինված ուժերում բարձր պաշտոններ են զբաղեցնում: Եղան նաև համալսարանականներ, ովքեր իրենց կյանքով հերոսացան և վառ օրինակ են այսօրվա երիտասարդների համար:
<< Եկեղեցի, զինված ուժեր, կրթություն և մշակույթ` սրանք, իմ կածիքով, այն չորս կարևոր ոլորտներն են, որոնց վրա պետք է ձևավորել անցյալի վրա խարսխված ապագա: Կրթությունը ներքին պաշտպանվածության կարևոր բաղադրիչներից է: Եվ պատահական չէ պաշտպանության և կրթության ոլորտների առավել ինտենսիվ համագործակցությունը>>,- ասաց կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:Հայոց բանակի կազմավորման 19-րդ տարեդարձի շրջանակներում կազմակերպված այս հանդիպման ժամանակ նախարար Սեյրան Օհանյանը անդրադարձավ մեր բանակի կազմավորման ակունքներին. թե ինչպես մենք մեզ պարտադրված պատերազմի արդյունքում արագ կազմավորեցինք բանակը, թե ինչպես քիչ ուժերով, բայց հմուտ ու ռազմական գիտելիքներին համապատասխան օպերատիվ գործողությունների շնորհիվ հասանք այնպիսի հաջողությունների, որ ադրբեջանական կողմը ինքն էր զինադադար խնդրում:Ելույթներից հետո ուսանողները և դասախոսները իրենց հարցերը ուղղեցին նախարարներին, որոնք հիմնականում վերաբերում էին տարկետման իրավունքին, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին:Միջոցառման ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պարգևներ հանձնեց ԵՊՀ-ՊՆ համագործակցության շրջանակում զորամասեր այցելության ծրագրի ամենակտիվ համալսարանական դասախոսներին: ԵՊՀ-ն իր հերթին պարգևատրեց նախարարության այն ներկայացուցիչներին, ովքեր զգալի ներդրում են ունեցել երկու կառույցների համագործակցության ամրապնդման և զարգացման գործում:
Վերադառնալ
Շատ դիտել են