ՀՀԻ հայ-քրդական առնչությունների բաժնի վարիչ, թուրքագետ-քրդագետ պ.գ.թ. Վահրամ Պետրոսյանը և նույն բաժնի աշխատակիցներ պ.գ.թ., իրանագետ Ռուդիկ Յարալյանը, արաբագետ Սարգիս Գրիգորյանը հունիսի 4-ին «Նոյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում լրագրողներին ներկայացրեցին քրդական գործոնի և հայ-քրդական հարաբերությունների ներկայիս վիճակը տարածաշրջանային զարգացումներին զուգահեռ: Մասնավորապես՝ անդրադարձ կատարվեց իրաքյան Քուրդիստանի քրդական ինքնավարության խնդիրներին, վերջիններիս հետ Հարավային Կովկասի երկրների շփումներին, սիրիական զարգացումներին և այս կոնտեքստում նաև հայ-քրդական առնչությունների ներկայիս փուլին:
Վահրամ Պետրոսյանը նախ նշեց մի քանի թիրախային խնդիրներ՝ այս թեմայի շրջանակներում: Առաջիններից մեկը հայ-քրդական հարաբերությունների զարգացման, նաև համագործակցության ներկայիս վիճակն է: Բանախոսը շեշտեց, որ հայ-քրդական հարաբերություններում չպետք է նույնականացնել մարտահրավերներն ու սպառնալիքները: Նրա խոսքով կան որոշակի մարտահրավերներ, որոնք կարող են անուշադրության դեպքում վերաճել սպառնալիքների, սակայն ճիշտ քաղաքականության դեպքում կարելի է դիմագրավել և նույնիսկ վերածել այդ ամենը համագործակցության: Մամուլի ասուլիսին դիտարկվեցին նաև վերջին ժամանակաշրջանում հայ-քրդական շփումները սփյուռքի տարբեր երկրներում, քրդական և հայկական համայնքների համագործակցությունը տարբեր երկրներում, ինչպես նաև քրդական կուսակցությունների գործունեությունը:
Պետրոսյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց մեկ կարևոր հանգամանքի վրա ևս. քրդական խնդիր ասելով՝ մեծամասամբ կենտրոնանում ենք Թուրքիայի տարածքում բնակվող և գործող քրդերին, մինչդեռ Իրաքյան Քուրդիստանում, Իրանում քրդերն արդեն իրենց զգայուն դերն ու կշիռն ունեն:
«Հայ-քրդական հարաբերություններն միշտ եղել են բարիդրացիական, բայց նույնը չենք կարող ասել ադրբեջանաբնակ քրդերի մասին: Վերջիններիս դեպքում հասկանալի է, որ նման մոտեցումը ադրբեջանական կողմի թշնամի հայի կերպարի և տեղեկատվական քարոզչության դրսևորման հետևանք է»-նշեց Վահրամ Պետրոսյանը:
Արաբագետ Սարգիս Գրիգորյանը անդրադարձավ Սիրիայում, Լիբանանում ապրող քրդերին, ովքեր իրենց ինքնակառավարման մարմիններն են ձևավորում և տվյալ տարածաշրջանում նկատելի ուժ ունեն: Ռուդիկ Յարալյանն էլ իր հերթին առանձնացրեց Մերձավոր Արևելքի քրդաբնակ տարածքների խնդրիները: Նա նշեց, որ ներկայումս քրդական գործոնը ունի նաև տարածքային առանձնահատկություններ, տարբեր քաղաքական նպատակներ և դրսևորումներ: Յարալյանը հատկապես կարևորեց Իրանի քրդերի խնդիրը, քանի որ Իրանի տարածքային ամբողջականությունը բխում է նաև Հայստանի շահերից, և ցանկացած փոփոխություն կարող է տարածաշրջանային լուրջ խնդիրներ առաջացնել:
Ամփոփելով իրենց խոսքը՝ բանախոսները կարևորեցին հետևյալ հանգամանքը. անհրաժեշտ է համախմբված քայլեր ձեռնարկել հայ-քրդական հարաբերությունների հետագա զարգացումների և համագործակցության հարցում:
Ասուլիսի վերջում նշվեց, որ այսօր արդեն հստակ քայլեր են տարվում Իրաքյան Քուրդիստանում ՀՀ հյուպատոսության բացման ուղղությամբ:
Վերադառնալ