Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորութիւններ Աշխատանքային շտեմարան Յղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորութիւններ
Տպել

 

 Հայոց Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ նախատեսված ծրագրերի շրջանակներում 2014 թվականի հոկտեմբերի 1-ին ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկեց հերթական միջազգային գիտաժողով: Գիտաժողովը կրում էր «Առաջին աշխարհամարտը և հայ ժողովուրդը (Պատմություն և արդիական խնդիրներ)» խորագիրը և կազմակերպվել էր Երևանի պետական համալսարանի ու ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի համատեղ նախաձեռնությամբ:

 Գիտաժողովին բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը: Ողջույնի իր խոսքը հղեց նաև Երևանի պետական համալսարանի ռեկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Սիմոնյանը: Նրանք կարևորեցին Երևանում մեկնարկած միջազգային գիտաժողովը, քանի որ այն նպատակ ունի լույս սփռել Առաջին աշխարհամարտի տարիներին հայերի դերակատարության, Հայկական հարցի, Հայոց ցեղասպանությանը վերաբերող խնդիրների վրա և երևան բերել  պատմության իրական դեմքերն ու դեպքերը:

 Ակադեմիայի տարբեր բաժանմունքներում «Հայերի մասնակցությունը Առաջին աշխարհամարտին», «Հայկական հարցը և դիվանագիտական պայքարն Առաջին աշխարհամարտի տարիներին», «Օսմանյան կայսրության իշխանությունների ցեղասպան քաղաքականությունը», «Հայ ժողովրդի կորուստները Առաջին աշխարհամարտում և դրանց հատուցման խնդիրները» թեմաներով շուրջ 45 գիտական զեկույցներ ներկայացվեցին և քննարկվեցին: Իրական փաստարկների հիման վրա զեկուցումներում ներկայացվեցին թուրքական ժխտողական քաղաքականությունից եկող վտանգները, փաստարկների սնանկության և փակուղի տանող կեղծարարության անհերքելի փաստերը:

 ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը ներկայացրեց Առաջին աշխարհամարտի և Հայոց ցեղասպանության իրականացման պատճառների ու հետևանքների մասին զեկույց: Նա հերքում է այն տեսակետը, թե իբր երիտթուրքական կառավարությունը կազմակերպել է հայերի կոտորածը հայ կամավորական շարժումը ճնշելու համար: Մելքոնյանը բերեց բազմաթիվ փաստեր, որոնք ապացուցում են հակառակ իրողությունը: Այն է. կամավորական շարժումը բացարձակապես կապ չունի Հայոց ցեղասպանության իրականացման հետ, և  դա միայն առիթ է եղել հայերի զանգվածային ջարդերն իրականացնելու և հետագայում իրենց համար արդարացում գտնելու համար:

 Իր հերթին Ռուբեն Սաֆրաստյանն էլ անդրադարձավ Հայոց ցեղասպանության ծրագրի ձևավորմանը և ներկայացրեց 1910-1915 թթ. թուրքական փաստաթղթերում տեղ գտած իրադարձությունների վերաբերյալ իր վերլուծության արդյունքները: Նա ներկայացրեց երիտթուրքական կուսակցության կողմից նախօրոք ծրագրված և հայերի զանգվածային ցեղասպանության իրականացման համար նախատեսված  ծրագրերը, դրանց իրականացման 10 կարևորագույն կետերը:

 Հայոց ցեղասպանության դատապարտման հայցադիմումի պատրաստման ու Միջազգային դատարանին ներկայացման հնարավորությունների ու հեռանկարների մասին էլ խոսեց Արմեն Մարուքյանը: Նա  ներկայացրեց բոլոր հնարավոր իրավական  կետերը, ըստ որոնց հայկական կողմը պետք է առաջնորդվի՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման հասնելու համար: Խոսվեց նաև հայ ազգային կուսակցությունների՝ Առաջին աշխարհամարտի տարիներին կատարած գործողությունների, ռուս-թուրքական ռազմաճակատի նշանակության, Արևմտյան Հայաստանի ճակատագրի, հայ գաղթականների մասին:

 ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի նիստերի դահլիճում էլ ներկայացվեց Առաջին աշխարհամարտի և Հայոց ցեղասպանության արտացոլումը հայ ու համաշխարհային գեղարվեստական գրականության ու արվեստի մեջ զեկուցումների շարքը:

 Երկու օր տևած գիտաժողովը եզրափակվեց լիագումար նիստով: Բաժանմունքների ղեկավարները քննարկեցին զեկույցների արդյունքում հավաքված բոլոր կարևորագույն փաստերը և հետագայում թուրքական կառավարությանը պատասխանատվության կանչելու՝ այս անգամ հայ ժողովրդի կողմից ներկայացվող պահանջները: 

 


Վերադառնալ