Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորութիւններ Աշխատանքային շտեմարան Յղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորութիւններ
Տպել
 
Թուրք  մտավորական,քրդական խնդրի տեսաբան Իսմայիլ Բեշիկչի Մարդու իրավունքների պաշտպանության առաջատար ակտիվիստ, քուրդ քաղաքական գործիչ, իրավաբան Օսման Բայդեմիր
 
  Թուրք և քուրդ հասարակակական գործիչների, մտավորականների պատվիրակությունը  Հայաստան այցելության շրջանակներում եղել է Մայր բուհում: Հոկտեմբերի 29-ին ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմը, ուսանողները հնարավորություն ունեցան ծանոթանալու թուրք հանրահայտ մտավորական Իսմայիլ Բեշիկչիի գործունեությանը: Նշենք, որ Արևմտահայոց ազգային 4-րդ համագումարին ընդառաջ «Արևմտահայոց ազգային համագումար (ԱԱՀ)» միջազգային հասարակական կազմակերպությունը հիմնել է Գևորգ Սուրենյանց 4-րդ Տփղիսեցի կաթողիկոսի անվան հուշամեդալ, որը կշնորհվի Թուրքիայում Հայոց ցեղասպանության ժխտողական պաշտոնական տեսության և քաղաքականության դեմ ներկայացվող տեսությունների հեղինակներին: Այս անգամ հուշամեդալի հասցեատերը թուրք հանրահայտ մտավորական Իսմայիլ Բեշիկչին էր, ով ապացուցել է, որ Հայոց ցեղասպանությունն իրականացվել է Մերձավոր Արևելքի բնիկ ժողովուրդների բնաջնջման քաղաքականության շրջանակներում: 
 Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Նա հակիրճ ներկայացրեց հյուրերի հասարակական գործունեությունից որոշ մանրամասներ: Այնուհետև «Իսմայիլ Բեշիկչի» հիմնադրամի խորհրդի նախագահ, քուրդ իրավաբան Ռուսան Արսլանը պատմեց Իսմայիլ Բեշիկչիի կատարած գիտական աշխատանքների և ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության գործում վերջինիս ներդրումների մասին: 
«Իր կյանքի ընթացքում Իսմայիլ Բեշիկչին 38 գիրք է գրել, որից 32-ն արգելված է եղել: Այդ պատճառով մտավորականը բազմիցս է հայտնվել դատական ատյաններում: Դատապարտվել է 248 տարվա ազատազրկման, սակայն միայն 17 տարիներն է անցկացրել բանտերում»,- ասաց  Ռուսան Արսլանը: Նա ավելացրեց նաև, որ Իսմայիլ Բեշիկչիին Եվրոպայից, ԱՄՆ-ից բազմիցս մրցանակների առաջարկներ են արվել, սակայն նա մերժել է՝ պատճառաբանելով, որ գիտության մարդը մրցանակների կարիք չունի: Եվ միակ մրցանակը, որ ընդունել է, «Հրանտ Դինք» միջազգային խաղաղության մրցանակն է եղել:
 Թուրք մտավորական Իսմայիլ Բեշիկչին իր հերթին մանրամասն խոսեց Մերձավոր և Կենտրոնական Ասիայում ցեղասպանության ենթարկված ժողովուրդների, ցեղասպան թուրք ղեկավարների վարած վայրագ քաղաքականության, դրդապատճառների և հետևանքների  մասին:
 «Հայոց ցեղասպանությունը Մերձավոր Արևելքի բնիկ ժողովուրդների բնաջնջման` թուրք ազգայնականների ծրագրի կարևոր մասն է եղել: Թուրք գործիչները գիտակցում էին, որ ամուր պետություն ձևավորելու համար պետք է մաքրեն տարածքներն այլ ժողովուրդներից՝ քրիստոնյա և մահմեդականների հետ ձուլվել չցանկացող հայերից ու հույներից, քրդերից, որոնք մահմեդական էին, սակայն թուրք չէին, և մի շարք այլ ազգություններից: Այսօր այդ նույն կոտորածներն իրականացվում են քուրդ ժողովրդի հանդեպ»,- ասաց Իսմայիլ Բեշիկչին: Ավելացնենք նաև, որ Բեշիքչին երկու աշխատություն ունի հենց հայոց ցեղասպանության մասին:
 Այնուհետև Իսմայիլ Բեշիկչիի գործունեությանը անդրադարձավ մարդու իրավունքների պաշտպանության առաջատար ակտիվիստ, քուրդ քաղաքական գործիչ, իրավաբան Օսման Բայդեմիրը: Նա խոսեց ինչպես պատմական դեպքերի, այնպես էլ  տարածաշրջանային ներկա հիմնախնդիրների մասին՝ շեշտելով, որ միայն փոխադարձ համաձայնության, հարգանքի և զիջողականության հիման վրա կարելի է ապահովել ապագայի կառուցումը: Նա առաջարկում էր  երիտասարդ սերնդի մտածողությունից հանել թշնամանքը, քարոզել դրականը, լավը՝ չմոռանալով, իհարկե, պատմության մութ ու կեղտոտ էջերը: 
 Քննարկման վերջում Արամ Սիմոնյանը ԵՊՀ ոսկեզօծ հուշամեդալներ շնորհեց Իսմայիլ Բեշիկչիին և Օսման Բայդեմիրին, ինչպես նաև հանձնեց «Հայերը Օսմանյան Կայսրությունում» թուրքերեն գիրքը և Հայաստանի մասին ալբոմներ:
 Իր հերթին Օսման Բայդեմիրը ԵՊՀ ռեկտորին փոխանցեց Դիարբեքիրից բերված հուշանվեր, իսկ Ռուսան Արսլանը բուհի գրադարանին նվիրեց իր հեղինակած մի քանի գիրք և հայտարարեց, որ Իսմայիլ Բեշիկչիի բոլոր գրքերը շուտով իրենց տեղը կգտնեն համալսարանի գրադարանում:

 

 

Վերադառնալ