Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության և Երևանի պետական համալսարանի նախաձեռնությամբ սույն թվականի հուլիսի 21-ին ԵՊՀ մշակույթի պալատում տեղի ունեցավ «Սփյուռք» ամառային դպրոցի «Սփյուռքի լրագրողներ», «Ազգային երգի ու պարի խմբավարների, պարուսույցների վարպետություն» և «Սփյուռքահայ երիտասարդ առաջնորդներ» թեմատիկ ուղղությունների բացման արարողությունը: Նշենք, որ ամառային դպրոցը արդեն հինգերորդ տարին անընդմեջ իրականացվում է Հայաստանում: Ամառային դպրոցին մասնակցում են աշխարհի 13 երկրներից (Վրաստան, Ուկրաինա, Ռուսաստան, Բելառուս, Իրան, Բելգիա, Գերմանիա, Ֆրանսիա, Քուվեյթ, Լիբանան, Սիրիա, ԱՄՆ, Ղազախստան) շուրջ 77 մասնակից:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջումյանը, ով նախ մասնակիցներին փոխանցեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը, այնուհետև կարևորեց արդեն 5-րդ տարին անընդմեջ երիտասարդների ակտիվ մասնակցությունը և շնորհավորեց մասնակիցներին ծրագրի մեկնարկի կապակցությամբ:
ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանն էլ ԵՊՀ-ի ղեկավարության անունից շնորհակալություն հայտնեց ՀՀ ՍՆ համագործակցության համար, իսկ մասնակիցներին մաղթեց ակտիվ և արդյունավետ աշխատանք:
Այնուհետև «Սփյուռք» ամառային դպրոցի ղեկավար Կամո Աթայանը իր խոսքում նշեց, որ նմանատիպ ծրագրերը կարևոր են հատկապես նրանով, որ դրանք հնարավորություն են տալիս մասնակիցներին խորացնել մասնագիտական գիտելիքները, տեսնել ու ճանաչել հայրենիքը, ձեռք բերել մասնագիտական նոր հմտություններ: Ըստ նրա՝ ծրագիրը հնարավորություն է տալիս ձեռք բերել նոր ծանոթություններ և սկսել համագործակցել միմյանց հետ աշխարհի տարբեր ծայրերում:
Բացմանը եզրափակիչ խոսքով հանդես եկավ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը: Նա շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին, ով 2010 թ. Արցախում անցկացված Լրագրողների համահայկական 5-րդ համաժողովի ընթացքում առաջարկեց «Սփյուռք» ամառային դպրոցի ստեղծման գաղափարը, որից հետո խոսքը վերածվեց գործի: Քննարկվեց ամբողջ ծրագիրը, հավանության արժանացավ ու միանգամից մի քանի ուղղությամբ կյանքի կոչվեց: Ն. Մարտիրոսյանը մասնակիցներին հորդորեց հայրենիքից տանել միայն լավը, դրականը և առաջին իսկ օրվանից անցնել ակտիվ լրագրողական աշխատանք կատարելուն ու կիսվել ստացված տպավորություններով:
Վերադառնալ