Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորութիւններ Աշխատանքային շտեմարան Յղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորութիւններ
Տպել
 

 



Լիբանանի հայոց թեմի Ազգային առաջնորդարանի եւ Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան համատեղ ջանքերով սոյն թուականի  Հոկտեմբերի 31-ից Նոյեմբերի 7-ը  Լիբանան են այցելել Երեւանի պետական համալսարանի  9 հոգուց բաղկացած պատուիրակութիւնը:  Ազգային առաջնորդարանի «Երջօ Սամուէլեան-Եռագոյն» սրահում Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Շահէ եպիսկոպոս Փանոսեանի  ջանքերով  Նոյեմբերի 2-ին տեղի ունեցաւ  հանդիպում Երեւանի պետական համալսարանի պատուիրակութեան անդամների հետ: Հանդիպմանը ներկայ էին լիբանանահայ վարժարանների տնօրէններ, համայնքի պատկան մարմինների ներկայացուցիչներ եւ այլք:

 Հանդիպմանը բացման խօսքով հանդէս եկաւ Ազգային առաջնորդարանի տեղեկատուական բաժանմունքի պատասխանատու Ռաֆֆի Տեմիրճեանը:  Նրա խօսքով՝ այս հանդիպումը նպատակ ունի ծանօթանալու ԵՊՀ իրականացուած եւ առաջիկայում իրականացուելիք ծրագրերին:  «Մենք ակնկալում ենք, որ այս  եւ յետագայ հանդիպումները գործնական կը լինեն, կողմերի միջեւ համագործակցութիւնը կը դառնայ մնայուն եւ տեսականից կ'անցնի գործնականի»,- եզրափակեց  իր խօսքը Ռ. Տեմիրճեան:

 ԵՊՀ Հայագիտական հետազօտութիւնների ինստիտուտի փոխտնօրէն Մհեր Յովհաննիսեանը խօսեց այցի նպատակների մասին: Ներկայացրեց ԵՊՀ կողմից համագործակցութեան մինչ այժմ կատարուած քայլերը, Սփիւռքի տարբեր հայկական համայանքների հետ գործնական կապերը, ինչպէս նաեւ «Ցեղասպանագիտութիւն» եւ «Հայագիտութիւն» մագիստրոսական ծրագրերում սփիւռքահայ ուսանողներին ինտեգրելու խնդիրը: Մ. Յովհաննիսեանն անդրադարձաւ երեք տարի առաջ Համազգայինի «Վահէ Սէթեան» հրատարակչատան հետ ձեռք բերուած պայմանաւորուածութեանը՝ Լիբանանի հայկական դպրոցների համար հայոց պատմութեան դասագրքեր հրատարակելու եւ առարկան դասաւանդելու աշխատանքների շուրջ: Այնուհետեւ խօսեց Համազգայինի հետ համագործակցաբար ստեղծուած հայագիտութեան մագիստրոսական, հեռաուսուցման ծրագրերի մասին:

 ԵՊՀ հրատարակչատան տնօրէն Կարէն Գրիգորեանը  խօսեց 1920 թ-ից մինչ այսօր ԵՊՀ հրատարակչական գործունէութեան մասին, որի արդիւնքում  հրատարակուել է շուրջ 5500 գիրք:  Համազգայինի «Վահէ Սէթեան» հրատարակչատան հետ համագործակցութեանն անդրադառնալիս Գրիգորեանը հաստատեց, որ համաձայնագիր պիտի կնքուի երկու կողմերի միջեւ, որպեսզի աւելի առարկայական դառնայ համագործակցութիւնը: Գրիգորեանն առանձնացրեց մի քանի կարեւոր կէտեր առաջիկայում տարուելիք  աշխատանքների մասին, այն է՝ Երեւանում եւ Լիբանանում կրթական միացեալ տարբեր ծրագրերի իրականացում, Հայագիտական ուղղուածութեամբ կրթական, գիտական, ակադեմիական միացեալ հրատարակութիւնների, ելեկտրոնային գիրքերի ստեղծում եւ տարածում:  Պատուիրակութեան անդամ Մարկոս Կեսէյեանը իր հերթին խօսեց Սոչիի եւ միւս հայ համայնքների միջեւ ծանօթութիւն հաստատելու, յետագայում համագործակցելու կարեւորութեան մասին:   

 Հանդիպմանը եզրափակիչ խօսքով հանդէս եկաւ Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Շահէ եպիսկոպոս Փանոսեանը: Նրա խօսքով՝ Սփիւռքի եւ հայրենիքի միջեւ կապը բաւականին երկար ժամանակ  անջատուած է եղել, եւ իրար հետ համագործակցելու  փորձը դեռեւս քիչ է: Սրբազանը շեշտեց յատկապէս մի կարեւոր  փաստ եւս, որ հայկական համայնքի մէջ ներկայումս նախորդ սերունդների համեմատ հայի հոգին  եւ հայրենական շունչը նուազել է:  Հայրենիքի հետ կապն ամրապնդելը եւ շատացնելը կը նպաստի հայրենական ոգու պահպանմանը: «Կը մաղթեմ, որ կարողանանք հաւաքական գոյութեան համար լուրջ ծրագրեր մշակել եւ իրագործել ձեր աջակցությամբ»,-եզրափակեց իր խօսքը սրբազան Շահէ եպիսկոպոս Փանոսեանը:

 


Վերադառնալ