Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորութիւններ Աշխատանքային շտեմարան Յղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորութիւններ
Տպել

   Երեւանի  պետական համալսարանի «Երեւանի համալսարան» թերթը այս տարի նշում է իր յոբելեանական 95 ամեակը: ԵՊՀ գիտխորհրդի  նիստերի դահլիճում ս.թ. Դեկտեմբերի 25-ին տեղի ունեցաւ յոբելեանական միջոցառում՝ նուիրուած թերթի գործունէութեանը եւ անցած ուղու ներկայացմանը: Միջոցառմանը բացման խօսքով հանդէս եկաւ ԵՊՀ ռեկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Արամ Սիմոնեանը: «Սրտանց շնորհաւորում եմ բոլորիս «Երեւանի համալսարան» թերթի 95 ամեակի կապակցութեամբ: Ուզում եմ նշել, որ 1920 թուականի Յունուարի 31-ին թերթի առաջին համարը լոյս տեսաւ հենց համալսարանի բացման օրը, եւ այդ օրուանից այն արտացոլում է բուհի գիտակրթական կեանքը: Այն դարձաւ ուսանողական կեանքի մի մասնիկը՝ իր հին եւ իւրայատուկ ոճով: «Երեւանի համալսարան» թերթը եղել է եւ կը մնայ գիտխորհրդի պաշտօնական օրգանը, համալսարանի կառավարման համակարգի  մի մասնիկը: Այսօրուայ թերթը համալսարանականինն է: Շնորհաւորում եմ բոլոր նախկին եւ ներկայ աշխատակիցներին, թղթակիցներին եւ  այս տարիների թերթի բոլոր խմբագիրներին: Ձեր ջանքերի եւ մեծ եռանդի շնորհիւ  պահեցինք եւ ունենք  այսօրուայ թերթը, որը իր մէջ ամփոփում է մի ողջ համակարգի մտաւորականութեան գիտական կեանքի արտացոլանքը»,-նշեց Ա. Սիմոնեանը:

 Իր խմբագրական գործունէութեան մասին խօսեց «Երեւանի համալսարան» թերթի նախկին խմբագիր Վլադիրմիր Մաղալեանը, ով իր գնահատանքի եւ շնորհաւորանքի խօսքը յղեց բոլոր նրանց, ովքեր ինչ-որ ժամանակ, ինչ-որ կերպ ու մինչեւ այժմ օգնում են թերթի լոյս տեսնելուն ուղղուած աշխատանքներին: «Շնորհաւորելով 95 ամեակի կապակցութեամբ՝ ուզում եմ փաստել այն, որ այսօր թերթը տեղեկութիւն տալուց բացի ունի մշակութային արժէք: Տարիներ անց է  միայն գնահատւում եւ արժեւորւում թերթը: Այս թերթը մեր համալսարանի պատմութեան տարեգրութիւնն է: Մի ողջ կեանք նուիրել եմ ԵՊՀ թերթին: 90-ականներին, երբ երկիրը գտնւում էր քաոսային իրավիճակում, բոլորիս համար ծանր էր պահել թերթը: Սակայն ողջ աշխատակազմով ջանք  ու եռանդ չխնայեցինք՝ պահելու այն: Ուրախ եմ, որ թերթը շարունակեց իր  գործունէութիւնը, եւ յոյս ունեմ, որ դեռեւս  բազում տարիներ այն իր ուրոյն տեղը կ'ունենայ համալսարանականների կեանքում»,-նշեց Վ. Մաղալեանը: Նա նաեւ վերյիշեց եւ ներկայացրեց անցած դժուարին՝ ուղին առաջին քայլերից սկսած:

 ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարութեան  հասարակայնութեան հետ կապերի եւ տեղեկատւութեան վարչութեան պետ Արթուր Բաղդասարեանը նախարար Արմէն Աշոտեանի անունից շնորհաւորեց թերթի եւ ողջ համալսարանի աշխատակիցներին յոբելեանական օրուայ կապակցութեամբ եւ թերթի գլխաւոր խմբագիր Գեղամ Մելիքբեկեանին պարգեւատրեց ԿԳՆ ոսկեայ յուշամեդալով: Արամ Սիմոնեանն էլ իր հերթին շնորհակալագրեր յանձնեց գլխաւոր խմբագիր Գեղամ Մելիքբեկեանին, ԵՊՀ հասարակայնութեան հետ կապերի եւ լրատւութեան վարչութեան լրատուական բաժնի վարիչ, «Երեւանի համալսարան» թերթի պատասխանատու քարտուղար Լիլիթ Ազատեանին, թերթի լրագրողներ Վարդուհի Զաքարեանին, Ծովինար Կարապետեանին, Յովհաննէս Վարդանեանին, լուսանկարիչ Տալիթա Բաղդասարեանին, թերթի համակարգչային ձեւաւորող Կարինէ Չալաբեանին: ԵՊՀ ուսանողների, շրջնաւարտների եւ հասարակայնութեան հետ կապերի  գծով պրոռեկտոր Ռուբէն Մելքոնեանը ներկայացրեց պարբերականի լոյս տեսնելու գործառոյթին վերոբերող մի շարք նրբութիւններ, այնուհետեւ շնորհաւորեց առաջին օրուանից մինչ այժմ  թերթի ներկայ եւ նախկին բոլոր աշխատողներին: «Ինձ համար մեր թերթը կարեւոր գործառոյթ է իրականացնում, որտեղ ներկայացւում են ներհամալսրանական մի շարք խնդիրներ, ներկայացւում տարբեր միջոցառումներ: Սա իւրօրինակ հարթակ է, որը  նպաստում է  մեր ուսանողների ինքնաարտայայտմանը»,- նշեց  Ռ. Մարկոսեանը:

 Ելոյթներ ունեցան ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսեանը, Պատմութեան ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասեանը, Հայ գրականութեան պատմութեան ամբիոնի դոցենտ Խաչատուր Վարդանեանը, ովքեր երկարատեւ գործունէութեան համար իրենց շնորհաւորական եւ երախտիքի խօսքը յղեցին ԵՊՀ ղեկավար կազմին եւ թերթի խմբագրակազմին: 


Վերադառնալ