Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորութիւններ Աշխատանքային շտեմարան Յղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորութիւններ
Տպել

 

  Ս.թ. Մայիսի 19-ին Երեւանի պետական համալսարանի Հայագիտական հետազօտութիւնների ինստիտուտում հանդիպում-քննարկում էր Գերմանիայի ձախերի կուսակցութեան անդամների պատուիրակութեան հետ: Ներկայ էին Բունդեսթագի պատգամաւոր Ուլլա Ելպքեն, Համբուրգի խորհրդարանի պատգամաւոր Մարտին Դոլցերը եւ Համբուրգի Ալտոնա համայնքի ներկայացուցիչ Հասան Բուրգուջօղլուն, ինչպէս նաեւ հասարակական գործիչ, վերլուծաբան Սարգիս Հացպանեանը, ԵՊՀ գիտ. քարտուղար Մենուա Սողոմոնեանը, ՀՀԻ փոխտնօրէն Մհեր Յովհաննիսեանը, բաժինների ղեկավարները, աշխատակիցներ եւ ուսանողներ տարբեր ֆակուլտետներից: 

Գերմանիայում պատգմաւորները պայքարում են Հայոց ցեղասպանութեան լիարժէք ճանաչման եւ այդ երկրի պատասխանատւութեան հարցը բարձրաձայնելու համար: Հանդիպման ժամանակ Ուլլա Ելպքեն ընդգծեց, որ այսօր անհրաժեշտ է մի բանաձեւ, որտեղ իրերն իրենց անունով կը կոչուեն. «Բանաձեւի քննարկումը պէտք է տեղի ունենար աւելի վաղ, սակայն ի վերջոյ վերջնական ամսաթիւ նշանակուեց Յունիսի 2-ը (Գերմանիայի խորհրդարանը դեռեւս 2005 թ.-ին ընդունել է 1915 թ.-ին օսմանեան կայսրութիւնում հայերի զանգուածային բնաջնջման, էթնիկ զտումների եւ աքսորի մասին բանաձեւ, որում, սակայն, նշուած չի եղել «ցեղասպանութիւն» բառեզրը): Մեզ համար շատ կարեւոր է, որ դրանում ընդգրկուի Գերմանիայի մեղսակցութեան հարցը: Մենք ցանկանում ենք Գերմանիայի հասարակութեանը իրազեկել, թէ ինչ մասնակցութիւն են ունեցել գերմանացի զինուորները Հայոց ցեղասպանութիւնում գործընկեր Թուրքիային սատարելու նպատակով: Մեզ համար անընդունելի էին փորձերը` Գերմանիայի դերը անտեսել այս բանաձեւում»: Համբուրգ նահանգի խորհրդարանի պատգամաւոր Մարտին Դոլցերը յաւելեց, որ Գերմանիայի կառավարութիւնը, ցաւօք, համագործակցում է Էրդողանի հետ եւ քննադատական վերաբերմունք չկայ նրա տարած քաղաքականութեան հանդէպ: Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանութեան ճանաչումը, ինչպէս նշեց  Հասան Բուրգուջուօղլուն, շատ կարեւոր է Գերմանիայում ապրող քրդերի ու չէրքէզների համար, եւ աւելի մեծազդեցութիւն կ'ունենայ Գերմանիայում, քան կարծում են բոլորը: «Միայն ներողութիւնը չի բաւարարի, պէտք է փաստացի ապացուցուի, եւ իրերը կոչուեն իրենց անուններով: Յուսով եմ, որ Թուրքիան էլ մի օր խելքի կը գայ, կը ճանաչի Հայոց ցեղասպանութիւնը Արեւմտեան Հայաստանում ու անպայման կը հատուցի»:
Լսարանին հետաքրքիր էր նաեւ պատգամաւորների դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի խնդրի առնչութեամբ: Պարոն Դոլցերը նշեց, որ իրենց հասած տեղեկութիւնների համաձայն` ապրիլեան դէպքերի ժամանակ Թուրքիան աջակցել է Ադրբեջանին եւ անգամ նրանց զինուորներն են մասնակցել ռազմական գործողութիւններին «Որպէս խաղաղութեան կուսակցութիւն՝ մենք գիտենք ինչ բան է պատերազմը, խոշտանգումները, յանցագործութիւններըմարդկութեան դէմ, ուստի ցանկանում ենք, որ խնդիրը լուծուի խաղաղ ճանապարհով եւ շեշտադրուեն մարդու իրաւունքներն ու ինքնորոշմանսկզբունքը»:
Հանդիպումն աւարտուեց փոխադարձ համագործակցութեան քննարկմամբ, մասնաւորապէս ՀՀԻ փոխտնօրէն Մ. Յովհաննիսեանը՝ որպէս գիտակրթական ոլորտի ներկայացուցիչ, առաջարկեց համատեղ ստեղծել մի հարթակ, որը կը նպաստի Հայկական հարցի եւ Ղարաբաղեան հիմնախնդրի մասին գերմանական հասարակութեանը առաւել տեղեկացուած լինելուն: Այս քննարկումը փաստեց, որ համագործակցութիւնը դեռ կը շարունակուի, որով հնարաւորութիւն կ'ընձեռնուի հասնել նկատելի արդիւնքների Հայկական հարցի եւ Ղարաբաղեան հիմնախնդրի լուծման առնչութեամբ: 

Վերադառնալ