Սոյն թուականի Դեկտեմբերի 6-ին ԵՊՀ հայագիտական հետազօտութիւնների ինստիտուտ այցելեց ՀՀ-ում Վրաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան Գիորգի Սագանելիձէն կնոջ՝ Եկատերինէ Բաքրաձէի եւ դեսպանատան աւագ խորհրդական Նինօ Ափցիաուրիի հետ:
Պատուարժան հիւրերին ընդունեց ԵՊՀ ռեկտոր, Հայագիտական հետազօտութիւնների ինստիտուտի (ՀՀԻ) տնօրէն Արամ Սիմոնեանը:
Դեսպանը ԵՊՀ ՀՀԻ հայ-վրացական յարաբերութիւնների բաժնին նուիրեց վրացալեզու գրականութիւն՝ վրաց պատմութեան եւ մշակոյթի վերաբերեալ, որի նպատակն է աջակցել հայ-վրացական գիտակրթական, պատմամշակութային, ինչպէս նաեւ բարեկամական յարաբերութիւնների ամրապնդմանը։
«Հայ եւ վրաց ժողովրդի ճակատագրերը մշտապէս կապուած են եղել, եւ մենք ոչ մի դէպքում երբեք չպէտք է խզենք այն, աւելին, պէտք է ամէն ինչ իմանանք միմեանց մասին եւ սատար կանգնենք միմեանց։ Շատ կարեւոր է եւ ուրախալի, որ մեր պետութիւնների ղեկավարները լաւ են գիտակցում այս եւ ամէն ինչ անում են հայ-վրացական բարեկամութեան խորացման համար»,- նշեց Գիորգի Սագանելիձէն։
«Այս գրքերը, լաւ նուէր է մեր Հայ-վրացական յարաբերութիւնների բաժնին, որը գործում է ԵՊՀ հայագիտական հետազօտութիւնների ինստիտուտում։ Մեր ուսանողները հետաքրքրուած են ոչ միայն վրաց լեզուի ուսումնասիրմամբ, այլեւ վրաց գրականությամբ, պատմությամբ, ժամանակակից Վրաստանում տարուող քաղաքականութեամբ։ Այս գրականութիւնը կը նպաստի, որպէսզի նրանք ներգրաւուեն համագործակցութեան մէջ, եւ մեր երիտասարդ սերունդը շարունակի խորացնել եւ զարգացնել վրաց բարեկամների հետ այն կապերը, որ մենք ունեցել ենք եւ ունենք այսօր», - յաւելեց Արամ Սիմոնեանը։
Հանդիպման ընթացքում ընդգծուեց ԵՊՀ-ի եւ Վրաստանի Հանրապետութեան դեսպանատան միջեւ յետագայում աւելի սերտ համագործակցութեան անհրաժեշտութիւնը ինչպէս վրացերենի դասաւանդման, վրաց պատմութեան, մշակոյթի ուսումնասիրութեան, այնպէս էլ համատեղ գիտաժողովներ, հանդիպումներ կազմակերպելու համար, որոնք պիտի նպաստեն յարաբերութիւնների ամրապնդմանը, քանի որ լինելով անմիջական հարեւաններ՝ անհրաժեշտ է, որ մեր յարաբերութիւնները մշտապէս լինեն բարձր մակարդակի վրայ՝ ի շահ դարերի խորքից եկող երկու ժողովուրդների, երկու պետութիւնների համագործակցութեան ու բարեկամութեան։
Հիւրերն այցելեցին նաեւ ՀՀԻ հայ-վրացական յարաբերութիւնների բաժին, ծանօթացան բաժնում տարուող աշխատանքներին եւ բաժնի գործունէութեան ընթացքում լոյս տեսած գրականութեանը, որոնք վերաբերում են հայ-վրացական գրական, պատմամշակութային կապերին։
Հայ-վրացական յարաբերութիւնների բաժնի ղեկավար Հրաչիկ Բայրամեանը իր հերթին ցաւով ընդգծեց, որ յետխորհրդային տարիներին հայ-վրացական հոգեւոր կապերը թուլացման միտում ունեն, եւ շեշտեց, որ մեր ժողովուրդների՝ այսօրուայ եւ վաղուայ մասին մտահոգութիւնը մեզ պարտադրում է յաղթահարել այն դժուարութիւնները եւ տարաձայնութիւնները, որոնք այժմ առկայ են մեր իրականութեան մէջ, եւ մենք պէտք է հետեւենք մեր հեղինակաւոր մեծերի եւ դասականների անձնական օրինակին, ովքեր մեզ կտակել են մաքուր եւ անարատ պահել մեր ժողովուրդների ծագման օրից սկիզբ առած բարեկամական կապերը։
Վերադառնալ