Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորութիւններ Աշխատանքային շտեմարան Յղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորութիւններ
Տպել

  

 
  Դեկտեմբերի 21-ին Երեւանի պետական համալսարանում տեղի ունեցաւ Հայագիտական հետազօտութիւնների ինստիտուտի (ՀՀԻ) 2016 թ. գործունէութիւնն ամփոփող ասուլիս: Խօսելով ինստիտուտի 7-ամեայ գործունէութեան մասին՝ ՀՀԻ փոխտնօրէն, պ.գ.թ. Մհեր Յովհաննիսեանը ներկայացրեց հայագիտութեան տարբեր ճիւղերում ինստիտուտի կողմից իրականացուած գիտահետազօտական, հրատարակչական գործունէութիւնը, ինպէս նաեւ ներկայացրեց ապագայ ծրագրերը: «Մենք այս ժամանակահատուածում հասցրել ենք իրականացնել բաւականին ծաւալուն հետազօտական եւ գիտական աշխատանք՝ յատկապէս կիրառական հայագիտութեան ուղղութեամբ: Միայն 2016 թ. մենք պատիւ ունենք ներկայացնելու  թուով 9 պատրաստի հետազօտութիւնները եւ 4-ը, որոնք դեռեւս տպագրման փուլում են գտնւում»,- նշեց նա:
 Մհեր Յովհաննիսեանն առանձնակի շեշտեց, որ գրքերի թեմատիկաները խիստ բազմազան են՝ սկսած պատմական, քաղաքաագիտական բնոյթի հետազօտութիւններից, մինչեւ արդի թեմատիկաներով իրականացուած հետազօտութիւններ: Նա ներկայացրեց Սփիւռքի հետ գործակցութեան արդիւնքում Ռոստովի հայագիտական կենտրոնի հետ համատեղ տպագրուած Սերգէյ Սայադովի եռահատոր արխիւային փաստաթղթերի վերահրատարակուած ժողովածուները,  Գառնիկ Գիւզալիանի «Պատմութիւն Մերձաւոր Արեւելքի եւ Հայստանի» գրքի Ա հատորը, Վանիկ Վիրաբեանի «Հայ-վրացական ռազմաքաղաքական յարաբերութիւնները 1918-1921 թթ.» աշխատութիւնը, «Հայագիտութեան հարցեր»  հանդէսը, Հայ-օսմանական առնչութիւների բաժնի ղեկավար Լուսինէ Սահակեանի, Անի Սարգսեանի եւ Ալեքսանդր Սաֆարեանի  համահեղինակութեամբ տպագրուած «Օսմաներէնի դասագիրքը», Հայոց ցեղապսանութեան ամբողջ ընթացքի վերաբերեալ քարտէզը: Մ. Յովհաննիսեանը խօսեց նաեւ «Ցեղասպանագիտութիւն» եւ «Հայագիտութիւն» մագիստրոսական ծրագրերի, «Հայոց պատմութեան հիմնահարցեր» եւ «Ցեղասպանագիտութիւն»  հեռաուսուցման ծրագրերի իրականացման մասին: 
 Հայ-քրդական առնչութիւնների բաժնի գիտաշխատող, պ.գ.թ., արաբագէտ Սարգիս Գրիգորեանը ներկայացրեց իր «Իսլամական պետութիւն. Ակունքներից մինչեւ խալիֆայութեան հռչակում» մենագրութիւնը: 
 «Ինձ համար մեծ պատիւ է նման հեղինակների կողքին ունենալ նաեւ իմ աշխատութիւնը: Կարծում եմ, որ թեման, իրօք, բաւական արդիական է: Մենք գիտենք, որ ամէն օր առերեսւում ենք ցաւալի իրողութիւնների հետ՝ ահաբեկչութիւններ, սպանութիւններ, բռնի գործողութիւններ, որոնց  հետեւում այսօրուայ թերեւս ամենավտանգաւոր «Իսլամական պետութիւն» կոչուող ծայրայեղ արմատական կառոյցն է: Պէտք է նշեմ, որ Սիրիական հակամարտութիւնը մի շարք նոր զարգացումների եւ նոր իրողութիւնների առիթ դարձաւ, որոնցից ամենագլխաւորը իսլամական կառոյցն է: Սա էր հիմնական դրդապատճառը, որը ինձ դրդեց զբաղուել այս կառոյցով, հետազօտել նրա ակունքները, ուսումնասիրել նրա լիդերներին, ովքեր հիմք դրեցին այս կառոյցին: Դրանց շարքում ուսումնասիրել եմ նաեւ այն միտումներն ու առանձնայատկութիւնները, որոնք այս կառոյցը դարձրին այնպիսին, ինչպիսին որ կայ այսօր»,- նշեց Ս. Գրիգորեանը:
 Ըստ Գրիգորեանի, կառոյցը դարձել է գլոբալ մի իրողութիւն, որի մասին խօսում են բոլորը՝ հասնելով նրան, ինչին ձգտում էր: Հեղինակը նաեւ գրքում անդրադարձել եւ իր տեսլականն է ներկայացրել կառոյցի դէմ արդիւնաւէտ պայքարի ուղիներ գտնելու շուրջ: 
 Հայ-քրդական առնչութիւնների բաժնի ղեկավար Վահրամ Պետրոսեանը խօեց Իրաքեան Քուրդիստան կատարած իր այցի մասին: Պետրոսեանը նշեց, որ ՀՀԻ-ի հիմնական ուղղութիւններից է նաեւ քաղաքագիտական հայագիտութիւնը, եւ բաժինը առաջիկայում նախատեսում է հայ-քրդական առնչութիւնների վերաբերեալ նոր ժողովածու տպագրել, որտեղ կը դիտարկուեն քրդագիտութեան ամենատարբեր հարցեր: Բանախօսը ներկայացրեց Նոյեմբեր ամսին Իրաքեան Քուրդիստան  կատարած այցի շրջանակներում իրականացրած հետազօտական աշխատանքները, խօսեց քրդական տարբեր կուսակցական ցանցերի հետ հանդիպումների ընթացքում ձեռք բերուած պայմանաւորուածութիւնների եւ առաջիկայում համատեղ կատարուելիք աշխատանքերի շուրջ: 
 Հայ-օսմանական առնչութիւների բաժնի ղեկավար Լուսինէ Սահակեանը ներկայացրեց իր ղեկավարած բաժնի աշխատանքները եւ ապագայ ծրագրեը: «Շուրջ 3 տարի բաժինը աշխատանքներ էր տանում օսմաներէնի դասագիրք պատրաստելու ուղղութեամբ, եւ, ասածս թող չափազանցութիւն չթուայ, բայց 100 տարի յետոյ հայ իրականութեան մէջ նոր այսպիսի դասագիրք է ծնւում: Գիրքը լինելու է եզակի, քանի որ ընդգրկում է քերականութեան կարեւոր բաժիներ՝ բաղկացած 32 դասից, օսմաներէն-հայերէն ուսումնական բառարան, եւ օսմանեան տեքստերի յաւելուած: Դասագիրքը հնարաւորութիւն կը տայ օսմաներէնի գիտելիքների սկզբնական մակարդակ ապահովել, որն էլ խթան կը հանդիսանայ օսմանագէտ, ձեռագրագէտ պատրաստելուն»,- նշեց նա: 
 Սահակեանը կարեւորեց յատկապէս իսլամացուած համշենցիների բնակավայրերում՝ Ռիզէի, Արդվինի, Էրզրումի նահանգներում, կատարուած դաշտային հետազօտութիւնները եւ աւելացրեց, որ շուտով լոյս կը տեսնի մենագրութիւն համշենահայերի ձեռագրութեան վերաբերեալ: 
 Իրենց ապագայ ծրագրերի եւ կատարուող ուսումնասիրութիւնների մասին խօսեցին նաեւ Հայ-վրացական յարաբերութիւնների բաժնի ղեկավար Հրաչիկ Բայրամեանը եւ Հնագիտական հետազօտութիւնների լաբորատորիայի բաժնի ղեկավար Հայկ Աւետիսեանը: Վերջինս ներկայացրեց լաբորատորայի  կողմից Կոտայքի եւ Արագածոտնի մարզերում խաչքարային  մշակոյթին  վերաբերող աշխատութիւնը: Խօսեց նաեւ Արեւմտեան Հայաստանում իրականացուած եւ նախատեսուելիք գիտական ու պրակտիկ հետազօտութիւնների եւ պեղումների մասին:
 Վերջում լրագրողները ներկաներին ուղղեցին իրենց յուզող հարցերը, ծաւալուեց ակտիւ քննարկում: 
 

Վերադառնալ