Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորութիւններ Աշխատանքային շտեմարան Յղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորութիւններ
Տպել

Գիտաժողով ԵՊՀ-ում` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա հոբելյանին...

 
Սեպտեմբերի 17-ին` ժամը 10:00-ին, ԵՊՀ Գիտխորհրդի նիստերի դահլիճում անցկացվեց ԵՊՀ գիտական խորհրդի ընդլայնված նիստ և գիտաժողով՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա հոբելյանին: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը շնորհավորեց ներկաներին՝ նշելով, որ սեպտեմբերի 21-ը՝ ՀՀ անկախության հռչակման օրը, մեր ազգային կարևորագույն տոներից մեկն է:

 <<Այս օրերին անդրադառնում ենք վերջին 20 տարիների ընթացքում մեր ժողովրդի անցած ճանապարհին, անկախության կայացման ընթացքին, որին անմասն չի մնացել Երևանի պետական համալսարանը>>,- ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Նա նաև ավելացրեց, որ շատ ավելի դժվար է մեծ զոհողությունների գնով ձեռք բերված անկախությունը պահելն ու զարգացնելը: Նրա խոսքով, պետության, քաղաքացիական հասարակության կայացումը դեռևս ընթացքի մեջ է, և մեզանից է կախված  առկա թերությունների շտկումը: <<Դիպուկ է ընտրված Անկախության 20-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների կարգախոսը՝ <<Հայաստանը դու ես>>, քանի որ  մենք ուժեղ ենք ոչ միայն անկախ պետականությամբ, այլ նաև հայկական սփյուռքով>>,- նշեց Արամ Սիմոնյանը: 

Լիագումար նիստին զեկույցով հանդես եկավ ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմ. գիտ. դոկտոր Էդիկ Մինասյանը՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության 20-ամյա ուղին:

Գիտաժողովը շարունակվեց զուգահեռաբար ԵՊՀ պատմության ֆակուլտետի  և ԵՊՀ Պալյանների անվան դահլիճներում:
 
ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի պատմական աշխարհագրության և քարտեզագրության լաբորատորիայի վարիչ Բաբկեն Հարությունյանը իր զեկույցում, որը կոչվում էր <<Սարդարապատից դեպի Շուշի>> անդրադարձավ երեք հանրապետությունների ստեղծման պատմությանը:
 
<<Թեև դեպի անկախություն տանող ճանապարհը հարթ չի եղել, սակայն հայ ժողովուրդը կարողացել է ոչ միայն հաղթահարել այդ դժվարությունները, այլև ստեղծել պայմաններ հայկական երկրորդ հանրապետության`ԼՂՀ-ի գոյության համար>>,- նշեց Բաբկեն Հարությունյանը:
 
<<Արցախյան գոյամարտը անկախության կերտման ճանապարհին>> թեմայով զեկույց ներկայացրեց ԵՊՀ ՀՀԻ գիտական քարտուղար  Ալիկ Ղարիբյանը: <<Հայոց պետականությունը մեր գերագույն ձեռքբերումներից է: Պետականության կայացումը անհրաժեշտ պայման էր մեզ համար, որի կայացմանը մեծապես նպաստեց  Արցախյան գոյամարտը: Վերջինս մեզ տվեց ազգային ինքնագիտակցության բարձրացում, ազգային համախմբում հայրենիք-Սփյուռք տեսանկյունից, պետականության անհրաժեշտության հասարակական գիտակցման արմատավորում>>,-ասաց Ալիկ Ղարիբյանը`ավելացնելով, որ Արցախյան գոյամարտից հետո մենք հանդես ենք գալիս հաղթողի հոգեբանությամբ և թելադրում մեր պայմանները:
 
Գիտաժողովի ընթացքում եղան  նաև  ՀՀ անկախությանը նվիրված զեկույցներ պատմակամշակութային և քաղաքագիտական թեմաներով:
 

Վերադառնալ