Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորութիւններ Աշխատանքային շտեմարան Յղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորութիւններ
Տպել

 Կլոր սեղան <<Հեռուստատեսության դերը հանցավորության աճի հարցում>> թեմայով

   

  Սեպտեմբերի 28-ին ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի և ՀՀ ԳԱԱ <<Փորձաքննությունների ազգային բյուրո>> ՊՈԱԿ-ի կողմից ԵՊՀ-ում անցկացվեց կլոր սեղան՝ <<Հեռուստատեսության դերը հանցավորության աճի հարցում>> թեմայով:Ներկայացված զեկույցների, ինչպես նաև դրանց հաջորդած քննարկման ընթացքում ներկաները տեղական և միջազգային փորձի հիման վրա անդրադարձան հասարակության կյանքում հեռուստատեսության դերին, որը շատ հաճախ նվազեցվում է: Այնինչ, ըստ մասնագետների, այսօր հեռուստատեսությունը մեծապես ազդում է մեր քաղաքացիների արժեհամակարգի ու վարքագծի վրա:

 

  <<Հատկապես անկախությունից հետո մեզ համար չափազանց արդիական է այս հարցը: Սա ոչ թե մեկ ընտանիքի խնդիր է, այլ  ազգային խնդիր: Մենք պետք է կարողանանք Հայաստանում հայ դաստիարակել, ազգային արժեքներ ներկայացնել հեռուստաեթերով: Կարծում եմ, ԵՊՀ ՀՀԻ-ի և ԳԱԱ << Փորձաքննությունների ազգային բյուրո>>-ի կողմից կազմակերպած այս քննարկումը իր շարունակությունը կունենա>>,- ողջունելով ներկաներին՝ ասաց ՀՀԻ-ի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը:

 

  ՀՀ ԳԱԱ << Փորձաքննությունների ազգային բյուրո>>-ի տնօրեն  Արտաշես Ջավադյանը տեղեկացրեց, որ բացի տարբեր ուղղություններով կատարվող ուսումնասիրություններից իրենց կենտրոնի ուշադրության կենտրոնում է հասարակության վրա հեռուստատեսության ազդեցության հարցը:

 

  <<Շատ դեպքերում մեր հանրությունը պարզապես տեղեկացված չէ, որ այն պրոդուկցիան, որը առաջարկվում է հեռուստաընկերությունների կողմից, մեծ ազդեցություն ունի հասարակության վրա: Պետք է հասկանալ, թե ագրեսիան ինչ հետևանքներ կարող է ունենալ>>,- ասաց Արտաշես Ջավադյանը:

 

  <<Փորձաքննությունների ազգային բյուրո>> ՊՈԱԿ-ի Քրեաբանության կիրառական հիմնախնդիրների գիտահետազոտական կենտրոնի քրեաբան Աստղիկ Սերոբյանը  <<Հեռուստատեսության դերը և նշանակությունը ՀՀ բնակչության մոտ>> զեկույցում ներկայացրեց իրենց կողմից անցկացված հետազոտություններ արդյունքները՝ կապված այն հարցի հետ, թե ինչ են դիտում մեր քաղաքացիները և ինչպես են վերաբերվում հայաստանյան հեռուստաեթերին:

 

  <<Հետազոտությունն անցկացվել է 998 մարդկանց շրջանում թե՛ Երևանում, թե՛ մարզերում: ՀՀ բնակչության 79%-ը դիտում է հեռուստացույց: Այն հարցին, թե ինչը չեն հավանում մեր եթերում, մարդիկ պատասխանել են, որ շատ են սերիալները, գովազդը, գրական խոսքի պակասը և այլն>>,- ասաց Աստղիկ Սերոբյանը:

 

  Նույն կենտրոնի հոգեբան Երեմիա Աստրյանն <<Բռնության քարոզումը հայկական հեռուստատեսությամբ>> զեկույցում խոսեց հայկական սերիալների ազդեցության մասին և ներկայացրեց այս ուղղությամբ կատարած իրենց ուսումնասիրությունների արդյունքները: Նա անդրադարձավ սերիալներում առկա բռնության տեսարաններին,հանցավոր կյանքին:

 

  <<Հետաքրքիր է, որ թեև մեծ մասը՝ շուրջ 45տոկոսը, դիտում են սերիալներ, սակայ միևնույն ժամանակ, ասում են, որ հեռուստատեսության բացասական կողմերից է սերիալների առկայությունը: Այստեղից կարելի է ենթադրել, որ մարդիկ թեև դիտում են սերիալներ, սակայն դրական չեն վերաբերվում դրանց: Հարցման մասնակիցները նշում են, որ կցանկանային տեսնել ավելի շատ ճանաչողական, գիտական հաղորդումներ>>,- ասաց Երեմիա Ասատրյանը: Նա նաև ավելացրեց, որ  անվիճելի այն փաստը, որ հանցավորության աճի հարցում իր դերն ունի հեռուստատեսությունը: Այն հատկապես անչափահասների համար վարքագծի մոդելավորման, արժեհամակարգի ձևավորման  միջոց է:

 

  Եզրափակիչ զեկույցը  ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի Ռազմավարական հետազոտությունների բաժնի գիտաշխատող Վահրամ Միրաքյանինն էր: Նա ներկայացրեց <<Հեռուստատեսության և հանցավորության միջև կապի վերաբերյալ արտասահմանյան հետազոտությունները>>:

 

  <<Հեռուստատեսությունը ագրեսիայի առաջացման գործոններից մեկն է: Ագրեսիան հայկական հեռուստաալիքներով ցուցադրվում է՝ որպես նպատակին հասնելու միջոց: Չի ցուցադրվում զոհի վիճակը: Այն հարցը, թե արդյոք եթերային ագրեսիան ունի՞ ազդեցություն հանցագործությունների թվի աճի գործում, կարծում եմ քննարկման ենթակա չէ: Իհարկե, հանցագործություններ եղել են բոլոր ժամանակներում, նույնիսկ այն ժամանակ, երբ չկար հեռուստատեսություն: Սակայն չի կարելի ժխտել, որ հանցավորության աճին նպաստող գործոններից մեկն է>>,- ասաց Վահրամ Միրաքյանը: Նա նաև ավելացրեց, որ այն երկրները, որտեղ մեդիակորպորացիաներն ավելի  ուժեղ են, ճնշում են օրենսդրական դաշտը:

 

  Քննարկման մասնակիցները հույս հայտնեցին, որ այս խնդրի հետ կապված քննարկումները շարունակական կլինեն, և օրենսդրական դաշտի ու անհրաժեշտ չափորոշիչների  հստակեցման հետ կապված դրական տեղաշարժ կլինի:

 

 


Վերադառնալ