Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորութիւններ Աշխատանքային շտեմարան Յղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ
Նորութիւններ
Բեյրութի Հայկազյան համալսարանի Հայկական սփյուռքի ուսումնասիրության կենտրոնի նախաձեռնությամբ մայիսի 15-17-ին Հայկազյան համալսարանում անցկացվեց «Հայկական անդրսահմանային տարածականությունը և արդի հաղորդակցական միջոցները» թեմայով գիտաժողովը, որի նպատակն էր քննարկել Հայաստանի սահմաններից դուրս, առհասարակ «հայկական տարածության» մեջ հաղորդակցության ապահովման անհրաժեշտության խնդիրը, հաղորդակցության դասական-ավանդական և նորագույն միջոցների համեմատական վերլուծությունը, առկա խնդիրների վերհանումը:
Հայաստանյան պատվիրակությունը ներկայացնում էին ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը, ՀՀ սփյուռքի նախարարության տեղեկատվության և հաղորդակցության վարչության պետ Վաղինակ Վարդանյանը, հեռուստալրագրող Արթուր Բախտամյանը:
«Խնդիր ունեի ներկայացնելու այն հայագիտական համացանցային պաշարները,որոնք կարող են պիտանի լինել հայ օգտատերերին գիտակրթական ու ճանաչողական իմաստով: Դրանց շարքում ներկայացրեցի ԵՊՀ Հայագիտական հետազոտություների ինստիտուտի համացանցային նախագծերը, ինչպես նաև խոսեցի առհասարակ Հայաստանում գործող հայագիտական գիտակրթական կառույցների մասին»,- ասաց Մհեր Հովհաննիսյանը: Նրա խոսքով, մասնակիցները ներկայացնում էին այն ոլորտները, որոնցում իրենք կայացած են և գործնական քայլեր էին առաջարկում: Համաձայնություն է ձեռք բերվել` որպես շարունակություն, կազմակերպել ավելի մեծ գիտաժողով: Այդ հարցը, Մհեր Հովհաննիսյանի խոսքով, քննարկման փուլում է և շուտով կներկայացվի: Նրա առաջարկով նոր գիտաժողովի խորագիրը կարող է լինել «Հայկական աշխարհը համացանցում»:
Գիտաժողովից հետո Մհեր Հովհաննիսյանը և Վաղինակ Վարդանյանը հանդիպումներ են ունեցել Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանի, «Ազդակ» օրաթերթի խմբագրության, Համազգային հայ կրթական և մշակութային կենտրոնի Լիբանանի վարչության ղեկավարության հետ, ինչպես նաև Այնճարում, Բեյրութի երկու հայկական դպրոցներում` «Համազգայինի Մելանկտոն և Հայկ Արսլանեան» ճեմարանում և «Լևոն և Սոֆիա Հակոբյան հայկական քոլեջում», Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի դպրեվանքում: Այնճարի քաղաքապետարանի, «Ազդակ» օրաթերթի խմբագրության, Համազգային հայ կրթական և մշակութային կենտրոնի գրադարանները համալրվել են Հայաստանյան պատվիրակության կողմից նվիրաբերված վերջին շրջանում լույս տեսած հայագիտական ուսումնասիրություններով:
ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանի խոսքով, ողջունելի են նախևառաջ Հայկազյան համալսարանի ղեկավար վերապատվելի Փոլ Հայդոստյանի, Հայկական սփյուռքի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Անդրանիկ Դաքեսյանի ջանքերը հայաստանյան գիտական աշխարհի հետ շփումները ակտիվացնելու հարցում, ինչպես նաև «Ազդակ» օրաթերթի խմբագիր Շահան Գանդահարյանի, Համազգային հայ կրթական և մշակութային կենտրոնի, ինչպես նաև Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի ջանքերը` ուղղված հանդիպումների արդյունավետուղղորդմանը և երկկողմանի հարաբերությունների հաստատմանը:
««Ազդակ»-ի խմբագրությունում մասնակցեցինք «Այտա Մուրատեան» և «Արսէն Չաղլասեան» լսարանների բացման արարողությանը: Ծանոթացանք նաև «Ազդակի» թվայնացման նորաբաց կենտրոնի հետ, որի խնդիրն է թվայնացնել թերթի արխիվը: Այս առումով կփորձենք համագործակցել նրանց հետ, քանի որ այդ պարագայում նաև հայաստանյան մասնագետների համար հնարավորություն է ստեղծվում թվային արխիվի միջոցով կատարել իրենց ուսումնասիրությունները»,- պատմում է Մհեր Հովհաննիսյանը: Նա նաև նշեց, որ «Ազդակ» թերթի խմբագրությունում խմբագիր Շահան Գանդահարյանի և «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանի հետ քննարկվել է Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված տարբեր խնդիրներ:
Համազգային հայ կրթական և մշակութային կենտրոնի Լիբանանի վարչության տնօրեն Հակոբ Լադոյանի հետ հանդիպման շրջանակում քննարկվել է հնարավոր համագործակցության հեռանկարները: ԵՊՀ-ի և Համազգային հայ կրթական և մշակութային կենտրոնի միջև համագործակցության փորձ եղել է 1991թ.-ին կնքված պայմանագրի, ինչպես նաև 1998թ.-ին դասախոսների փոխանակման ծրագրի շրջանակներում:
«Մեր հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել այն քայլերը, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել երկու կառույցների միջև համագործակցությունը ակտիվացնելու համար: Նախնական քննարկումները հաջող էին: Համագործակցության երկու հիմնական ուղղություններ դիտարկվեցին` կրթական և գիտաճանաչողական»,-ասաց ԵՊՀ ՀՀԻ-ի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը: Նրա խոսքով, «Համազգային»-ը պահպանում է հայկական շունչը, որին ականատես եղան Աղբալյան-ՀՄԸՄ մարզամշակութային կենտրոն այցելության ժամանակ:
Եղավ այցելություն նաև մայրաքաղաք Բեյրութից ոչ հեռու գտնվող և հիմնականում մուսալեռցի հայությամբ բնակեցված Այնճար գյուղաքաղաք:
«Երկրորդ անգամ էի Այնճարում և կրկին մեծ ոգևորություն ապրեցի: Այնճարը լավ օրինակ է, թե ինչպես կարելի է ապրել մահմեդականների մեջ և պահպանել ազգային գծերը: Այն պարագայում, երբ այստեղ կողք կողքի ապրում են հայկական երեք եկեղեցական ուղղվածության համայնքներ` Հայ առաքելական, կաթոլիկ և ավետարանական»,- նշեց Մհեր Հովհաննիսյանը, որը նաև դասախոսություն է ունեցել Այնճարում, որի ավարտին ցուցադրվել է պատմաբան Արտակ Մովսիսյանի «Տիգրան Մեծ` հայրենապաշտ տիրակալը» գիտահանրամատչելի փաստագրական ֆիլմը:
Հանդիպում է եղել նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի դպրեվանքի ղեկավարության հետ, Կիլիկիո Հայկական կաթողիկոսության դիվանապետԽաչիկ Դեդեյանի հետ, ինչպես նաև սփյուռքահայ անվանի պատմաբան Երվանդ Փամբուկյանի հետ: Վերջինիս հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել իր կողմից կատարված ուսումնասիրությունները ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի համացանցային նախագծերում տեղակայելու մասին: Մհեր Հովհաննսիյանի ամփոփիչ դասախոսությունը տեղի է ունեցել Համազգայինի «Լևոն Շանթ» մշակութային կենտրոնում:
Նրա խոսքով, ընդհանուր առմամբ գիտաժողովի շրջանակում և դրանից դուրս անցկացված համատեղ քննարկումները բավականին հեռանկարային են: Նա հիշեցրեց, որ Լիբանանի հայ համայնքը ներկայումս Մերձավոր Արևելքում նշմարվող զարգացումների պայմաններում մնում է տեղի հայության հիմնական հենարանը, որի հետ հայրենիքի կապի որակական նոր դրսևորումները խիստ անհրաժեշտ են:
Վերադառնալ
Շատ դիտել են