Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորութիւններ Աշխատանքային շտեմարան Յղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ
Նորութիւններ
Նոյեմբերի 22-ին ԵՊՀ-ում անցկացվեց գիտաժողով՝ նվիրված պարսիկ գրող Նիզամի Գյանջավիի կյանքին և ստեղծագործությանը: Ինչպես իր խոսքում նշեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, թեմայի հրատապությունը կապված է այն ցավալի փաստի հետ, որ հարևան Ադրբեջանը յուրացնում է այլ ազգերի մշակութային արժեքները և դրանցով ներկայանում աշխարհին: Դեռևս սովետական շրջանից սկսած Ադրբեջանի քաղաքական շրջանակները ներկայացնում են Նիզամի Գյանջավիին՝ որպես ադրբեջանցի գրող: Այս փաստն օգտագործվում է քաղաքական ու գաղափարական նպատակներով:
‹‹Հանճարեղ մշակութային արժեքներն ունեն համամարդկային արժեք, սակայն արդարությունը պահանջում է հստակ նշել մարդու ծագումը: Նիզամի Գյանջավին պարսկական պոեզիայի հանճարեղ ներկայացուցիչներից է, որի ստեղծագործությունները որևէ առնչություն չունեն Ադրբեջանի հետ››,- նշեց Արամ Սիմոնյանը: Նա նաև առաջարկեց բողոքի նամակ ուղղել Յունեսկոյին, որը փաստորեն, ևս ,զոհ գնալով նավթադոլարներին, աչք է փակում մշակութային կեղծարարությունների դեմ:
ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի դեկան Արծրուն Մինասյանն էլ իր խոսքում ընդգծեց, որ հարևան ‹‹ փոքր Թուրքիան ›› առաջնորդվում է ‹‹այն ամենը, ինչը լավ չի հսկվում,մերն է›› կարգախոսով:
Գիտաժողովին ներկա էր նաև Հայաստանում Իրանի դեսպանատան ներկայացուցիչ Իբրահիմ Փուրին: Նա նշեց, որ որևէ կասկածից վեր է այն փաստը, որ Նիզամին Գյանջավին պարսիկ գրող է:
‹‹Ադրբեջանը պարզապես կեղծ ինքնություն է կերտում` այլոց մշակութային արժեքները յուրացնելով››,- ասաց Իբրահիմ Փուրին:
Բանաստեղծի կյանքի և ստեղծագործության մասին զեկույցներով հանդես եկան պրոֆեսորներ Արմանուշ Կոզմոյանը, Սամվել Մուրադյանը, Սերժ Սրապիոնյանը, Գառնիկ Ասատրյանը, ասիստենտ Գառնիկ Գևորգյանը, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանը: Գիտաժողովի զեկուցումները լույս կտեսնեն առանձին ժողովածուով:
Նիզամի Գյանջևին (1141-1209 թթ.) ծնվել է Գանձակում: Նա պարսկական բանաստեղծական արվեստի դասական, միջնադարյան Արևելքի մեծագույն բանաստեղծներից մեկն է, ով պարսկական դյուցազներգության մեջ բերել է ռեալիստական ոճ։ Համարվում է ազգային բանաստեղծ Իրանում, Տաջիկստանում, Աֆղանստանում և Ադրբեջանում։
Վերադառնալ
Շատ դիտել են